Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ողջ կազմով հրաժարական ներկայացնել. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել, սակայն պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե Գերագույն ռադան նման որոշում կայացնի, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք եկել ենք մի թիմով ու մենք հետագայում ևս կաշխատենք մեկ թիմով, ու եթե որոշում կայացվի այն մասին, որ այդ թիմը պետք է հեռանա, մենք միասին կհեռանանք: Սակայն մենք մինչև վերջ պայքարելու ենք»,- ասել է նա այսօր Գերագույն ռադայում՝ պատգամավորներին առաջարկելով քննարկման դնել կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
«Դուք ունեք սահմանադրական իրավունք խորհրդարան մտցնել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու մասին բանաձևը: Խնդրեմ, օգտվեք այդ իրավունքից: Քվեարկության դրեք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Եթե դա ձայներ հավաքի, մենք պատվով ու հպարտությամբ մեր լիազորությունները կհանձնենք նախարարների նոր կաբինետին: Արեք այդ քայլը»,- հայտարարել է նա: