Տարածաշրջանում անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է հինգ երկրաշարժ
ՍՊԾ դիտացանցը հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Այս մասին հայտնում են ՍՊԾ գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 29-ին Թուրքիայի Վան քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 4 և 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2 և 3.7): Հունվարի 30-ին 3-4 բալ և փետրվարի 1-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7 և 2.6) երկրաշարժեր են գրանցվել Իրանի Սալմաստ քաղաքից համապատասխանաբար՝ 50 կմ դեպի հարավ-արևմուտք և 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունվարի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքից 83 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.4):
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հունվարի 30-ին 7.2 մագնիտուդով և 180 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Ելիզովսկի քաղաքից (Ելիզովո շրջան) 94 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հետևանքով Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում առաջացած խուճապից բնակիչները լքել են բնակարանները, ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև 6 բալ ուժգնությամբ: Հունվարի 31-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բալենի կղզիների շրջանում: Փետրվարի 1-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: