ԴԱԻՇ-ը թողարկել է Android-ի համար իր սեփական հավելվածը
ԴԱԻՇ-ի զինյալները թողարկել են սեփական Android-հավելված, որը հեռարձակում է «Ալ-Բայան» ինտերնետ-ռադիոն, հայտնում է Vocativ-ը:
Հաղորդվում է, որ հավելվածի օգնությամբ սարքերի օգտատերերը տեղեկանում են իսլամիստների գործունեության մասին տարբեր լեզուներով: Հայտնի է նաև, որ ռադիոեթերում հնչում են տարբեր գաղափարախոսական հաղորդումներ ու հեռարձակվում է երաժշտություն:
Պարբերականը նշում է, որ տվյալ հավելվածը անհասանելի է Google Play-ում, ինչպես նաև այլ խանութներում: Այն հնարավոր է տեղադրել միայն հղումներով, որոնք միմյանց փոխանցում են ահաբեկչական կազմակերպության անդամները:
Հայտնի է նաև, որ մինչ ռադիոյի հավելվածի մշակումը հնարավոր էր այն լսել՝ անցնելով հղումներով, որոնք ԴԱԻՇ-ի ներկայացուցիչները տարածում են համացանցում:
Այդ ռադիոալիքը հաճախ է օգտագործվում ահաբեկիչների կողմից, որպեսզի հայտնեն ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնելու մասին կամ քարոզչության նպատակով: