«Միգուցե, ես հանձնաժողովի կազմում չլինեմ էլ». Սուքիաս Ավետիսյանը՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակվելու լուրերի մասին
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին խնդրեց անդրադառնալ այն լուրերին, որոնց համաձայն՝ ինքն է դառնալու ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նախագահը: Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը news.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր նստաշրջանում, ըստ կանոնակարգի, նոր նախագահ պետք է ընտրվի: «ՀՀԿ-ից է լինելու հաջորդ նախագահը»,- ասել է Վահան Բաբայանը:
«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես ընդամենը եղել եմ Էթիկայի հանձնաժողովի անդամ: Այսօր, ստացվում է՝ այս կազմով հանձնաժողովի վերջին նիստն է կայացել»,- նշեց Ս. Ավետիսյանը:
Նրա խոսքով, ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու. «Ես տեղյակ չեմ: Առաջին հերթին՝ համապատասխան խմբակցությունները կորոշեն իրենց կազմերը, հետո, ինչպես կարգն է, հանձնաժողովի նախագահը կլինի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, որովհետև հերթը Հանրապետական կուսակցության խմբակցությանն է: Միգուցե ես հանձնաժողովի կազմում չլինեմ էլ: Առաջադրման մասին խոսք չի եղել, ինձ որևէ մեկը բան չի ասել»: