Ահազանգ բնակիչներից. Կստեղծվի աղետալի վիճակ
Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը:
Ի դեպ, կիսակառույցն արդեն համաձայնեցված և հաստատված նախագծից բազում շեղումներ ունի. ըստ նախագծի նախատեսվում էր երրորդ հարկից սկսած ամեն հարկը կառուցել ավելի ներս ընկած՝ աստիճանաձև կառուցվածքով, ինչը թույլ կտար հարակից շենքերին որոշ չափով արեւի լույս ստանալ, սակայն դեռեւս 7-հարկանի հսկան հավասարաչափ վեր է խոյանում` հարակից շենքերի բնակչությանը արդեն իսկ զրկելով արեւի լույսից: Օրերս 4-5 հարկի չափով բարձրացված վերամբարձ կռունկը եւ այսօր բերված մեծ քանակությամբ ամրանները վկայում են, որ հարկերն ավելանալու են: Իմիջիայլոց, շինարարները նշում են, որ շենքը 12 հարկանի է լինելու:
12 հարկի դեպքում ոչ միայն կխախտվի շին․թույլտվությամբ հաստատված նախագիծը և հօդս կցնդեն քաղաքային իշխանությունների՝ տարիներ առաջ տված խոստումները կապված նորակառույց շենքի հարկայնության հետ, այլև կոպտորեն կոտնահարվեն հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Կստեղծվի աղետալի վիճակ, քանի որ վերջնականապես հարակից բոլոր շենքերի ցածր հարկերի բնակարանները վերջնականապես կզրվեն արևի լույսից, իսկ նորակառույցի գրասենյակների եւ բնակիչների մեքենաների ելումուտը, աղմուկի ու արտանետումների հետ միասին, ուղղակի անանցանելի կդարձնեն հարակից շենքերի բակերը:
Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչներ