«Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է». Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին: Արթուրը ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշել է, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:
«Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,- նշել է Արթուրը:
Հիշեցնենք, որ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Սիրարփի Աղաբաբյան