Ըստ հաղորդումների` քննիչն ու ոստիկանները, բռնություն գործադրելով, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից
Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Ժենյա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է նաև, որ նույն օրը հիշյալ քննիչի աշխատասենյակում ոստիկանության ծառայողները ցանկացել են հեռուստատեսային հաղորդման համար նկարահանել իրեն, ինչին ինքն ընդդիմացել է: Այդ պատճառով քննիչը և ոստիկանները հայհոյել են իրեն, իսկ մեկ այլ ոստիկան` բռնություն է կիրառել իր նկատմամբ:
Ժենյա Մ.-ի և Լիանա Ղ.-ի հաղորդումների հիման վրա՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: