Բաժիններ՝

Գրողների միությունը տարին ամփոփում է ինքնաբավ և հագեցած տրամադրությամբ

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անցնող տարին էին ամփոփում ստեղծագործական միությունների ղեկավարները: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով անցնող տարում հասցրած ու չհասցրած աշխատանքների ու ստեղծագործական պլանների մասին, ասաց, որ տարին հարուստ էր ստեղծագործական նախագծերի, դրանց իրականացման, արտասահմանյան երկրների հետ համագործակցության, թարգմանական գրականության և գրական այլ աշխատանքների իրագործմամբ:

Է. Միլիտոնյանն այն կարծիքին է, որ ամենաբարդը խոսելն է ոչ թե՝ բառերի, այլ՝ թվերի լեզվով, բայց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում չցանկացավ խոսել լայն ու երկար թվերի լեզվով. նա նախընտրեց թվարկել 2015թ. ընթացքում Գրողների միության կողմից կյանքի կոչված բոլոր ծրագրերը. «Դու պլանավորում ես, Աստված տնօրինում է, բայց մենք իրականացրեցինք մեր առջև դրված տարվա կտրվածքով գրեթե բոլոր նախագծերը: Տարին սևեռված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին, և մեր գրեթե բոլոր մեծամասշտաբ ծրագրերը նույնպես պայմանավորված էին այս թեմայով: Տարվա կտրվածքով 130-ից ավելի միջոցառում, շնորհանդես ու գրական հանդիպումներ են իրականացվել՝ ինչպես՝ Գրողների միությունում, այնպես նաև՝ ինստիտուտներում, մարզերում և Հայաստանի սահմաններից դուրս՝ Սփյուռքում»:

Պարոն Միլիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանի գրողների միությունն այն եզակի միությունն է, որ ունի համահայկական նշանակություն և անդամներ ոչ միայն՝ Հայաստանից, այլ նաև՝ երկրի սահմաններից դուրս բնակվող ստեղծագործողների թվում. «Սփյուռքի բոլոր գրողները՝ լինի հայագիր թե օտարագիր, մեր Գրողների միության անդամ են, և, բնականաբար, մեր աշխատանքները նաև նրանց հետ են: Այս տարվա ընթացքում 20-ից ավելի սփյուռքահայ գրողներ ենք հյուրընկալել միությունում, նրանց հետ տարբեր տեսակի համագործակցություններ ունեցել գրական մակարդակում: Այս թվում պետք է հատուկ նշել Քրիս Բոհջալյանի հայաստանյան այցը, և այլն»:

Էդուարդ Միլիտոնյանը բարձր և արդյունավետ գնահատեց անցնող տարվա ընթացքում եվրոպական և այլ երկրներ այցերը, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նախագծերը:

Նա նշեց նաև, որ այս տարի մեկնարկել է Գրողների միության դահլիճի վերանորոգման ու վերազինման աշխատանքները, որ դեռ ընթացքի մեջ են, անդրադարձավ Գրողների միությանը կից նոր՝ պոեզիայի պարտեզի ստեղծմանը, որտեղ արդեն հասցրել են իրականացնել մի շարք գրական միջոցառումներ, անդրադարձավ նաև միության անդամների սոցիալ-տնտեսական և հատկապես՝ բժշկական ապահովագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վերջում Գրողների միության նախագահը հավելեց, որ եկող տարին արդեն իսկ հագեցած գրաֆիկ ու ստեղծագործական առումով շատ անելիքներ նախատեսող տարի է լինելու: Խոսելով արդեն 2017 թվականի մասին, պարոն Միլիտոնյանը հարկ համարեց հայտնել, որ կհայտարարվի գրական տարի:

Հանդիպմանը ներկա արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանն ամփոփեց 1932 թվականից ի վեր հրատարակվող «Գրական թերթի» աշխատանքները: ««Գրական թերթը» ամեն շաբաթ տպագրվում է՝ որպես Գրողների միության պաշտոնաթերթ, և իր երկարամյա գոյության ընթացքում ստեղծագործական դադարներ շատ քիչ է ունեցել: Թեև այն ժամանակին 12 էջ էր, հիմա, ցավոք՝ 8, բայց թերթի բովանդակությունը շարունակում է մնալ հագեցած, ամեն շաբաթ արձագանքելով գրական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին»,- ասաց Կարինե Խոդիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս