Ըստ Սողոմոն Քոչարյանի մոր՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները
Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար:
Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:
Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: