Բաժիններ՝

Քրիստոնյա աղջիկը կարո՞ղ է ամուսնանալ հինդուիզմ կրոնը դավանող տղայի հետ

– Քրիստոնյա աղջիկը կարո՞ղ է ամուսնանալ հինդուիզմ կրոնը դավանող տղայի հետ: Տղան միանշանակ կողմ է այսպիսի ամուսնությանը՝ ասելով, որ Աստված մեկն է, և նշանակություն չունի` քրիստոնեություն ես դավանում, թե հինդուիզմ: Չէ՞ որ Աստված ասում է, որ քրիստոնյա կինը կարող է ամուսնանալ այլակրոն տղամարդու հետ, եթե կարող է նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Արդյո՞ք հնարավոր չէ` ալյակրոն ամուսիններն ապրեն մեկ հարկի տակ՝ դավանելով տարբեր կրոններ և մեկը մյուսին չստիպելով ընդունել այս կամ այն կրոնը: 

– Այլադավան մարդու հետ ամուսնանալը ծայրաստիճան անցանկանալի է, որովհետև հետագայում շատ խնդիրներ են ծագում. ո՞ր կրոնի համաձայն դաստիարակել երեխաներին, ինչպե՞ս նրանց մկրտել, ո՞ր եկեղեցի տանել, որտեղ մասնակցել Սուրբ Պատարագի և այլն: Ձեր ընտրյալի համար միգուցե միևնույն է, թե Դուք որ կրոնն եք դավանում, բայց նա և նրա ընտանիքը թերևս արգելեն Ձեզ մեծացնել Ձեր երեխաներին քրիստոնեական ոսմունքին համաձայն: Բացի դրանից, եթե նա կարծում է, թե քրիստոնեությունը և հինդուիզմը իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, ապա դա կտրականապես սխալ է:

Քրիստոնեությունը կրոն է, որը արմատապես տարբերվում է մնացած բոլոր կրոններից, որն ունի դավանանքի հստակ սահմանում՝ «Հավատամքի» մեջ ամփոփ կերպով ձևակերպված, և այդ դավանանքի կենդանի փորձառություն՝ անձամբ Քրիստոսի, Աստվածածնի, Առաքյալների և բոլոր Սրբերի վարքը: Այն դեպքում, երբ մեր տեսանկյունից բուդդայականությունը դժվար է դիտարկել որպես կրոն: Բուդդայականության մեջ չկան անձնավորված աստվածներ, չկա մեր այս «հեղաթյուրված» աշխարհից զատվող այլ սրբազան չափագրություն: Սինտոիզմը շատ մոտ է բազմաստվածությանը և զուրկ է համակարգված աշխարհայացքից, ինչպես և հինդուիզմը: Կոնֆուցիականությունը լոկ միայն վարվեցողության կանոններ են և պաշտամունքի արարողություն և այլն: Բայց հավատացյալ քրիստոնյայի համար անընդունելի է կրոնի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը: 

Ի նկատի ունեցեք, որ Եկեղեցին չի օրհնում այսպիսի ամուսնություններ: Որպեսզի եկեղեցում կատարվի պսակի խորհուրդը, երկու ապագա ամուսինները պետք է մկրտված լինեն Առաքելական և Քրիստոսահիմն Եկեղեցում (այդ թվում՝ Կաթոլիկ և Ուղղափառ). սա պարտադիր պայման է նաև այլ Խորհուրդների և արարողությունների կատարման համար, որոնք ուղեկցում են քրիստոնյային իր կյանքի ամբողջ ընթացքում: Ամուսնությունից նախ և առաջ պահանջվում է, որպեսզի այն իրականում լինի հոգևոր միություն՝ Քրիստոսի և Եկեղեցու միության օրինակով:

«Մի կին, եթե անհավատ մարդ ունենա, և նա ուզենա ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի, որովհետև անհավատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է» (Ա Կոր. 7: 13-14),- Պողոս առաքյալի այս խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր հավատացին Քրիստոսին արդեն ամուսնացած վիճակում՝ նրանց արգելված է բաժանվել, եթե երկուսից մեկը չի միացել Քրիստոսի հավատքին: Բայց լինելով քրիստոնյա` կապել կյանքը այլադավանի հետ չի կարող լինել ընդունելի և Աստծո աչքին հաճելի: Ընտանիքը քրիստոնյայի համար փոքր եկեղեցի է, որտեղ կնոջ գլուխն ամուսինն է, իսկ ամուսնու գլուխը՝ Քրիստոս (տե՛ս՝ Ա Կոր. 11: 3, Եփես. 5: 23): Եթե Ձեր ամուսնու գլուխը լինի ինչ-որ այլ աստված (կամ աստվածներ), իսկ նա լինի Ձեր գլուխը, կարելի՞ է արդյոք այդ միությունը եկեղեցի համարել: Ամուսինն ու կինը դառնում են մի մարմին, իսկ մի մարմնի մեջ պետք է լինի մի հոգի, հակառակ դեպքում այդ մարմնում կլինի հավիտենական բաժանում, որը կհանգեցնի կործանման և հուսահատության. «Ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12: 25, Մարկ. 3: 25, Ղուկ. 11: 1):
Ամուսինը պետք է լինի այն մարդը, ում հետ Դուք կմոտենաք Աստծուն, այսինքն նա պետք է լինի Ձեր ուղեկիցը Երկնքի Արքայության ճանապարհին: Ուստի կարելի է ասել, որ այլադավանի հետ ամուսնանալու ցանկությունը գայթակղություն է սատանայի կողմից, որը ցանկանում է շեղել Ձեզ ճշմարիտ ուղուց՝ ստիպելով Ձեզ անել ընտրություն Ձեր կրքի բավարարման օգտին, և ոչ թե արհամարհել այն՝ հանուն Աստծո նկատմանբ սիրո և հնազանդության:

Կրոնի ուսուցչուհի Մարինա Մինասյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս