Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի հաղթողները
Դեկտեմբերի 13-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի արդյունքները։ Ծրագրավորողներից և «չծրագրավորողներից» կազմված շուրջ 70 թիմերը ժյուրիի դատին ներկայացրեցին 24 ժամվա ընթացքում իրենց մշակած վեբ և մոբայլ լուծումները։ ՏՏ մասնագետներից և ձեռներեցներից կազմված ժյուրին նախագծերը գնահատեց մի քանի չափանիշներով՝ հիմնական ուշադրությունը դարձնելով թիմերի կատարած աշխատանքին և գաղափարի նորարար և բիզնես տեսանկյունից հետաքրքիր լինելուն։
Մայքրոսոֆթ ինավոցիոն կենտրոնը հատուկ մրցանակ էր սահմանել ամպային տիրույթում փոքր և միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող լավագույն թիմին, որին արժանացավ Discount manager թիմը։ Թիմի առաջարկած հավելվածը օգտատերին տեղեկացնում է նրա մոտակայքում գտնվող խանութներում գործող զեղչերի մասին։ Կենտրոնի տրամադրած մրցանակը չի սահմանափակվում 400,000 ՀՀ դրամի չափով, այլև նաև ներառում է տեխնոլոգիական և բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու համար։
Մրցույթի գլխավոր աջակից Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել էին հատուկ մրցանակ 400,000 ՀՀ դրամի չափով սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծման համար։ Այս անվանակարգում մրցանակի արժանացավ Instahire թիմը։ Թիմը ստեղծել է առցանց մի հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնվել աշխատակիցներ։
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացման գործում մեծ ներդրում ունի «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ամբողջ մրցույթի ընթացքում թիմերը կարողանում էին աշխատել իրենց նախագծերի վրա՝ օգտվելով ընկերության կողմից տրամադրած ինտերնետից։ Ի հավելումն, ընկերությունը մրցանակներ տրամադրեց լավագույն երեք թիմերին` Mergify, Game engine, Stereo-TV. Mergify թիմը մշակել է մի հավելված, որը հնարավորություն էր տալիս ցանկացած նախադասության համար ստեղծել տեսահոլովակ՝ օգտագործելով համացանցում առկա տեսանյութերը։ Game engine թիմը ստեղծել է շատ հետաքրքիր մի խաղ, իսկ Stereo-TV թիմին հաջողվել էր ստեղծել մի հավելված, որի միջոցով հնարավոր է միավորել երկու տեսանյութեր և ցուցադրել մեկ էկրանի վրա։
ԱՄՆ դեսպանատունը գրքերի տեսքով մրցանակներ էր սահմանել մրցույթի երիտասարդ երկու մասնակիցների համար՝ խրախուսելով նրանց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում, ինչպես նաև հատուկ մրցանակ տրամադրեց Mergify թիմին։
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների աջակցությամբ։
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իրականացնել այս մրցույթը դեռևս 2011թ․ից։ Առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցել է 32 թիմ՝ ավելի քան 150 մասնակցով: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է տարեց տարի։ 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել։ 2014թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]ին մասնակցեցին
58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ։
Ի˚նչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: