«Ես կատարյալ պեսիմիստ եմ: Մինչ օրս մարդկանց բաժանում եմ զզվելիների ու խղճալիների». Վուդի Ալեն
1. Չգիտեմ՝ ինչպես են ինձ ընդունում: Երևի՝ որպես հնագույն նմուշ:
2. Դերասաններն աշխատում են ինձ հետ միայն այն դեպքում, երբ ընդմիջում են կատարում հաջողակ նախագծերի արանքում: Եթե ես զանգահարում եմ դերասանին ու նույն պահին նրան զանգահարում են նաև Սփիլբերգն ու Սկորսեզեն, ապա դժվար թե այդ դերասանն ինձ մոտ գալու մասին մտածի: Բայց եթե նա հենց նոր ստացել է իր 10 միլիոնն ու մինչ օգոստոս անելու ոչինչ չունի, ապա սիրով կպատասխանի զանգիս:
3. Եթե ես դաջվածք անեի, դա կլիներ մեկ գրություն՝ «Մայրիկ»:
4. Կատակերգության ու ողբերգության միակ տարբերությունն այն է, որ կատակերգության մեջ մարդիկ գտնում են ողբերգությունը հաղթահարելու միջոց: Իհարկե, հումորը չի կարող լուծել բոլոր խնդիրները, բայց այն պլաստիրինի դեր է կատարում:
5. Գիտե՞ք, իրականում ես կարող եմ խաղալ ընդամենը 2 դեր: Այո, ես սահմանափակ դերասան եմ: Ես կարող եմ լինել կամ ինտելեկտուալ, կամ տականք:
6. Երբ ես սկսեցի զբաղվել կինոյով, ինձ թվում էր, որ դա իր հետ բերելու է մի շարք հաճելի բաներ՝ ճանաչում, գումար, հիացմունք… Բայց մի քանի ֆիլմերից հետո հասկանում ես, որ քո կյանքը մնացել է նույնը: Քո բոլոր խնդիրները մնացել են քեզ հետ:
7. Ես հաճախ երազում եմ մեկ տարով արձակուրդ վերցնելու մասին: Բայց ինձ միշտ սկսում են անհանգստացնել այն մտքերը, որ իմ կողքին կան շատ մարդիկ, ովքեր ուզում են գումար տալ ինձ նոր ֆիլմի համար: Արդյունքում՝ ես հանգում եմ այն եզրակացության, որ քանի դեռ տալիս են՝ պետք է վերցնես:
8. Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Բայց եթե այն վերցնեին ինձնից, ապա ես մեծ հաճույքով այլ բանով կզբաղվեի: Կաշխատեի թատրոնում, կամ կնստեի տանը և կգրեի: Կամ էլ գուցե նստեի տանը ու զբաղվեի անբանությամբ, դա նույնպես հաճելի է: Կարթնանայի առավոտյան, կքայլեի, կգնայի թատրոն կամ կինո, կգայի տուն ու կշփվեի կնոջս հետ, կնայեի բեյսբոլ… Այնքան էլ վատ չէ, ճի՞շտ է:
9. Իմ կարծիքով՝ ժամանակակից կինոյում չկան ռեժիսորներ, ովքեր աշխատում են իմ ազդեցությամբ: Ամենուր ես տեսնում եմ երիտասարդություն, ում վրա ազդել է Կոպպոլան, շատ ուժեղ ազդել են Սկորսեզեն և Սթոունը: Իսկ ե՞ս: Ոչ, այդպիսիներին ես չեմ ճանաչում:
10. Ես կատարյալ պեսիմիստ եմ: Մինչ օրս մարդկանց բաժանում եմ զզվելիների ու խղճալիների:
Սիրարփի Աղաբաբյան