Բաժիններ՝

Տեղի ունեցավ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի շնորհանդեսը

Երեկ «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որ ըստ ներկայացնող հեղինակների՝ առաջին հայալեզու ծավալուն բիզնես ուղղվածություն ունեցող աշխատությունն է: Շնորհանդեսին գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը խոսելով 2 տարի տևած աշխատանքի կարևորության մասին՝ ընդգծեց.

«Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, որտեղ ներկայացված է մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարքետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդերի, ընկերությունների քայլեր, և այլն: Երբ կարդում եք այն մարդկանց պատմությունները, որ ներկայացված են այս գրքում, պրակտիկորեն ձեր մտածելակերպը փոխվում է: Իրականում ես էլ բացառություն չէի և ես էլ ընկա այդ հոսքի տակ, և դեռ գրքի կեսին էինք հասել, ես սկսեցի իմ բիզնեսը: Հուսով եմ, որ այստեղ գտնվողները հնարավորություն կունենան կարդալու այս գիրքը, և ձեր կյանքում ևս տեղի կունենա այն, ինչ ինձ հետ պատահեց»:

Տեղեկացնենք, որ «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը բաղկացած է 100 թեմայից՝ ընդգրկելով իր մեջ մոտիվացիոն 6 թեմա, մարքետինգային թեմաներ և գործիքներ ենթաբաժնում ներառված է 28 թեմա, իսկ գործարարներ, հայտնի ընկերություններ և մարքետինգային քայլեր բաժինն ընդգրկում է 66 թեմա:

girq (1)

Կարդացեք նաև

Ըստ գրքի համահեղինակների, գրքի նպատակն է՝ կրթել սերնդին, որպեսզի նրանք իրենց կարիերայում և սեփական նախագծերում ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ցուցաբերեն: Գիրքն ունի թիրախային ընթերցողներ՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ, գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը հնարավորություն է տալիս յուրացնելու սեփական բիզնեսը զարգացնելու համար 100 մոտեցում, հնարք, մեթոդ, ձև, կանոն և սկզբունք:

girq (3)

girq (2)

Շնորհանդեսին ներկա գործարար, ֆինանսիստ, Ռազմավարական բիզնեսի համահիմնադիր Գրիգոր Առաքելյանն ընդգծեց, որ նման գրքերը մարդկանց վրա, որպես կանոն, երեք ազդեցություն են թողնում՝ խելոքներն ավելի են խելոքանում, հիմարներն ավելի են հիմարանում, և միլիոնավոր ուրիշներ ոչնչով չեն փոխվում, թեև ինքը վստահ էր, որ շնորհանդեսի բոլոր ներկաներն ընթերցելով գիրքը՝ իրենց համար մեծ չափով պրակտիկ գիտելիքներ կքաղեն. «Այս գիրքը կկտրի ձեզ ներկա՝ տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, իսկ նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները ձեր կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար են»:
«100 բիզնես գաղտնիքներ» գիրքը տպագրվել է 500 օրինակով, ունի 676 էջ, 16 էջ հավելված, իսկ գինն 8900 դրամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս