«Այս հանրաքվեն ցույց տվեց, որ առանց դրսի ուժերի աջակցության՝ չես կարող այդ «ոչ»-ը դե յուրե պահել». Արմեն Բադալյան
«Կարող ենք փաստել, որ հասարակությունն ունի ուժ, որ իշխանություններին «ոչ» ասի, բայց չունի այնքան ուժ, որ այդ «ոչ»-ը պահի»,- այսօր նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ «ոչ»-ի հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ ընդդիմությունը կարողանա բոլոր տեղամասերում ձայները պահել, և եթե ունենա աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը: ««Ոչ»-ը հաղթել է ամբողջ հանրապետությունում, ուղղակի այն տեղամասերում, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները կարողացել են դե յուրե պահել «ոչ»-ը, երևացել է, եթե՝ ոչ, «այո»-ն հաղթել է, այսինքն՝ «ոչ»-ը փոխվել է՝ «այո»-ի: Այս հանրաքվեն ցույց տվեց, որ առանց դրսի ուժերի աջակցության՝ չես կարող այդ «ոչ»-ը դե յուրե պահել»,- նշեց Ա. Բադալյանը:
Հարցին՝ եթե «ոչ»-ի դաշտն ավելի միասնական լիներ, հնարավո՞ր է՝ այլ պատկեր ունենայինք, Ա. Բադալյանն այսպես արձագանքեց. ««Ոչ»-ի դաշտում աշխատող ուժերը միասնական էին, ստրատեգիական առումով նրանք միասնական էին, շատ տեղամասերում նրանք համատեղ պահել են այդ «ոչ»-ը»: