ՀԱԿ-ի 3 պատգավորները բոյկոտեցին ԱԺ այս նստաշրջանի աշխատանքները
Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց այս նստաշրջանի աշխատանքները բոյկոտի մասին:
«Ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա՝ հանրաքվեի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չտվեց, որ Զուրաբյանը շարունակի թվարկել կեղծիքների տեսակները և կարգադրեց անջատել խոսափողը: «Մենք հակառակ տեսակետին ենք»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նիստերի դահլիճը լքեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը: Նույն խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը մնացին իրենց տեղերում:
«Տեսա՞ք քանի հոգի էր իրանց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: