ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերն ամբողջովին բուժվել է ուղեղի քաղցկեղից
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կիրակի օրը` դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ամբողջովին բուժվել է ուղեղի քաղցկեղից: Այս մասին հաղորդում է NBC-ն: 91-ամյա քաղաքական գործիչը Ջորջիա նահանգի Փլեինս քաղաքի բաբտիստական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում, որտեղ նա դասավանդում է, հանդես է եկել հայտարարությամբ:
«MRI-ին անցնելուց հետո բժիշկներն ինձ ասացին, որ ինձ մոտ չեն գտել քաղցկեղի ոչ մի հետք: Ինձ համար շատ մարդիկ են աղոթել, և ես դա գնահատում եմ»,- ասել է Քարթերը:
Օգոստոսին Ջիմի Քարթերին լյարդի վիրահատություն են կատարել, որից հետո նա հայտարարել է, որ քաղցկեղ ունի: Ավելի ուշ բժիշկները նրա ուղեղում հայտնաբերել էին 4 ուռուցք: Քարթերին նշանակել են ճառագայթային թերապիայի կուրս, ինչպես նաև նա ընդունել է նորագույն բժշկական պատրաստուկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը