«Ո՛չ ձեր «ոչ»-ն է «ոչ», ո՛չ էլ՝ «այո»-ն՝ «այո»». Արմեն Ռուստամյան

«Մարդկանց մի խմբի մոտ իսկապես մանկության երազանք է նախագահական ընտրությունների միջոցով նախագահ դառնալը. իրենց թվում է, թե 2018 թվականը լայն դուռ է բացելու դրա համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ամփոփելով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը:

Դիտարկմանը, թե հանրային քննարկումների ժամանակ ժողովուրդն ասում էր՝ հասարակ դաշնակցականները դեմ են սահմանադրական բարեփոխումներին, «տյունինգ» արած դաշնակցականները՝ կողմ, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ, եթե մեկին սովորեցրել են՝ Դաշնակցության նկատմամբ «վայրահաչություններ» անի, դա պետք է արդեն սովորական լիներ:

«Հայտնի դեմքերից մեկն էլ ասում է՝ այն նախորդ սերունդը կործանեց Հայաստանը: Դաշնակցությունը միշտ եղել է նույն գաղափարը կրող, նույն նպատակները հետապնդող միակ կուսակցությունը: Այդ թիթեռի կյանք ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն, որ պետք է Դաշնակցությանը դասեր տան ու որոշեն՝ մեր կառույցն ինչպես է մտածում: Լուրջ «Ոչ»-ի շարժում իրականացնող ուժերից մեկը հենց Դաշնակցությունն էր, հիմա մեծ-մեծ խոսում են այդ հայտնի «ոչ»-ականները: Նրանք «Ոչ»-ի շարժում են կարողանում անեն, ու լեգիտիմ քննարկում է տեղի ունենում, ազատ նստած են, հանրահավաքներ են անում, ինչ ուզում՝ ասում են, իսկ Դաշնակցությանը կասեցրել էին, որ չկարողանա ընդհանրապես խոսել:

1995 թվականի Սահմանադրության լեգիտիմության մասին թող ընդհանրապես չխոսեն, որովհետև ոչ լեգիտիմ անցկացրած հանրաքվե է եղել՝ համատեղելով ԱԺ-ի ընտրությունների հետ, որ ոչ մի խաբար չլինի՝ ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը: Նա պատմեց, որ այն ժամանակ դաշնակցականների զգալի մասը հալածված էր, կուսակցությունն արգելված էր:

Նրա խոսքով՝ այդ պայքարն է, որ իրենք 20 տարի ուշացումով նորից կրկնում են: Ռուստամյանը հույս ունի, որ այն, ինչ 20 տարի առաջ չհաջողվեց, հիմա կհաջողի: «Ի՞նչ «տյունինգների» մասին է խոսքը գնում: Պարզապես հակադաշնակցական թույնով տառապող մի զանգված կա հայ իրականության մեջ, որ չի փոխվում, իրենց ինչ ուզում ես՝ ասա, միևնույն է, Դաշնակցությանը քարկոծելու են: Բայց գան, նստեն, հոդաբաշխ երկու բան ասեն, թե իրենց ծրագիրը որն է այս երկիրը փրկելու, կասեն՝ մենք լավն ենք, կգանք, և այս համակարգը չի խանգարում, լավ բաներ կանենք:

Մի մասը դրանցից եկել էին, բա թող անեին, այս վիճակը չառաջանար, սա հո չի՞ առաջացել 5-10 տարվա ընթացքում: Սա առաջացել է 1991 թվականից սկսած: Այսօրվա «ոչ»-ն «այո» է այն Սահմանադրությանը, որին նույն կրքոտությամբ «ոչ» են ասել 2005 թվականին: Ո՛չ ձեր «ոչ»-ն է «ոչ», ո՛չ էլ «այո»-ն՝ «այո»»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Տեսանյութեր

Լրահոս