Երևանում այսօր գիշերը սպասվում է ձյուն. հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային հոսանք

ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբերի 3-6-ը Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մոտ 10-12 աստիճանով: Նրա խոսքով՝ Երևանում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն: Գագիկ Սուրենյանի խոսքով, սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով, հանրապետության առանձին հատվածներում սպասվում է ուժեղ քամի՝ 20-25 մ/վ արագությամբ: «Լեռնային շրջաններում եւ լեռնանցքերում կդիտվի տեսանելիության անկում, բուք, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»,- ասաց նա:

Միաժամանակ Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 7-ից ցուրտ օդային հոսանքները կնահանջեն:

Այսօր մայրաքաղաքում կդիտվի 10-12 աստիճան տաքություն, դեկտեմբերի 3-ին՝ օդի ջերմաստիճանը կտատանվի 0-2 աստիճանի սահմանում, իսկ դեկտեմբերի 6-ի գիշերը՝ -6-8 աստիճան ցուրտ:

«Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային հոսանք, այսօր ուշ երեկոյան դրա ազդեցությունը կզգան հյուսիսային մարզերը՝ տեղումները կսկսվեն Շիրակից, Լոռիից եւ Տավուշից»,- ասաց Գ. Սուրենյանը՝ հավելելով, թե առաջիկա գիշերը և վաղը ցերեկը ամբողջ օրվա ընթացքում ցիկլոնը գործելու է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս