Բաժիններ՝

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված 22-ամյա Նելիի հայրը՝ դստեր մասին. Armtimes.com

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից մեկը՝ 22-ամյա Նելի Մինասյանը, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ է:

Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ Սլավիկ Մինասյանը, նշել է, որ աղջկա ձերբակալության մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Նա պատմել է, որ կինն ու դուստրը Երևանում են ապրում վարձակալական հիմունքներով, ինքն էլ անասնապահությամբ է զբաղվում ԼՂՀ ազատագրված տարածքներից մեկում:

«Աղջիկս սովորում է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսում: Թե ինչով էր զբաղվում երեխեն, ես չգիտեի, սա ինձ համար տարօրինակ է, երեկ լսեցի, թե հանացավոր խումբ են բացահայտել: Առավոտյան կինս զանգահարեց ինձ և ասաց, որ էրեխուն ձերբակալել են, թե ի՞նչ հիմնավորմամբ՝ չգիտեմ:

Ինքը չէր կարող ծանր հանցագործություններ կատարել, կամ ինչ-որ բանդայի անդամ լինել, նա մեծ սիրտ ունի, ինքը պայքարում է հանուն ազատության: Ես իրեն ուղարկել եմ Երևան սովորելու, չեմ ուղարկել հանցավոր….: Զենքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. ով է իրենց զենք տվել ես չեմ հասկանում»,- մանրամասնել է Սլավիկ Մինասյանը:

Վերջինս ասել է, որ դուստրը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին:

«Ես համամիտ եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ սա «սարքած» գործ է, իմ աղջկան անհիմն են ձերբակալել: Ես 60 տարեկան ծեր մարդ եմ, նա երիտասարդ է, դեռ ապագա ունի, պետք է ապրի, կյանքն իրենն է, իմ երեխեն ճիշտ է, ճիշտ էլ կքայլի, ինչքանով, որ կարողանամ, ես իրեն կօգնեմ: Ես ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ՝ հիմիկվա իշխանություններին: Ուզում եմ աղջկաս ազատ տեսնել, նա ազատ թռչնակ է, պետք է ազատության մեջ լինի»,- ասել է ձերբակալված աղջկա հայրը: Նա նշել է, որ ունի ևս մեկ դուստր և մեկ որդի, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս