«Ոչ մեկն իրավունք չունի վարչական ռեսուրսը օգտագործի քարոզի համար». Ա.Մանուկյան
«Մեր շտաբը հավաքում է հանրաքվեի իրականացման համար արդեն արվող խախտումները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա թվարկեց խախտումների մի քանի դեպքեր՝ Գագիկ Հարությունյանի շտաբի անդամ լինելն ու քարոզելը, կառավարության անդամների շտաբի անդամ լինելը, նրանց ներգրավվածությունը քարոզի աշխատանքներին:
«Սա քրեորեն հետապնդելի է, ոչ մեկն իրավունք չունի վարչական ռեսուրսը օգտագործի քարոզի համար»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ըստ նրա՝ ավելի արտառոց է, որ «Զորքերի հրամանատարը ի՞նչ գործ ունի հանձնաժողովում: Միջազգային բոլոր կառույցները վարչական ռեսուրսի կիրառումը քրեական հանցագործություն են համարում»:
Պատգամավորը նշեց, որ վերջին օրերին նաև ուրիշ խախտումներ են արձանագրել՝ նախարարությունները հավաքում են իրենց աշխատողներին, ցուցակներ կազմում, ճշտում «այո» են, թե «ոչ», գյուղերում անձնագրեր և պատճեններ են հավաքում՝ խոստանալով զիջել հողի հարկը: Ա.Մանուկյանը դիմեց իշխանություններին՝ կոչ անելով զերծ մնալ խախտումներից: