«Դա ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն». Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի բանաձևի մասին

«ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ընդունվել է մի խայտառակ նախագիծ, որը կոչվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»: Վերնագիրն ինքը ցույց է տալիս զեկույցի խայտառակության մասշտաբը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվելով, թե արդյոք հրավիրե՞լ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիրներին և արդյոք փորձե՞լ է իմանալ, թե ի՞նչ է կատարվել այնտեղ իրականում, ինչը նաև հանրությունը պետք է իմանա:

«Ես շատ ինֆորմացված եմ այդ խնդրով, դա ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք»,- հորդորեց Գ.Սահակյանը:

Նշելով, որ դրական է գնահատում հանձնաժողովի գործունեությունը, ԱԺ նախագահը հայտարարեց, որ այսօր էլ որոշակի միջոցներ են ձեռնարկում, որ հունվարին կայանալիք լիագումար նիստում ավելի գործուն մասնակցություն ունենան: Սահակյանի կարծիքով՝ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել և այդ մասին դեռ մեկ տարի առաջ գիտեին, ԵԽԽՎ նախագահի ՀՀ այցի ժամանակ էլ իրենց խոսակցության թեման դա է եղել, որ այդ աբսուրդին պետք է վերջ տալ.

«Բայց այս պահին մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների հետ: Եթե մտածում եք մեր ամբողջ պառլամենտը և առավել ևս մեր պատվիրակությունը պիտի կարողանար միանագմից հաղթահարելի դարձներ այդ երևույթը, սխալվում եք: Ո՛չ պաշտպանող, ո՛չ վարկաբեկող խոսքեր չեմ ուզում լսել: Պատվիրակությունը և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական անդամներ ունի, բոլորը միահամուռ պայքարում են այդ ուղղությամբ: Ես կարծում էի՝ ավելի վատ պետք է լիներ»:

Գ.Սահակյանը նշեց, որ պետք չէ խառնաշփոթ ստեղծել, պետք է ավելի ջանադիր աշխատել:

Ն.Փաշինյանը համաձայնեց, որ այն իրավիճակն է, որ չի կարելի միայն ԵԽԽՎ-ում պատվիրակության ներքին հարց համարել, որ վհուկների որս չի կարելի, բայց պետք է գնահատել թե պատվիրակությունն ինչքան արդյունավետությամբ է աշխատել, ոքանով են համագործակցել իրար հետ. «Ամենավտանգավոր բանը համարում եմ, որ մեր արտաքին քաղաքական ձախողումները անընդհատ կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ: Եթե խավիարը այդքան զորեղ բան է, միգուցե արժե մտածել, որ պատվիրակություն ուղարկելու փոխարեն այդ գումարով խավիար ուղարկենք»:

«Խավիարը չի կարելի որդեգրել որպես հաղթության միջոց կամ պարտության միջոց: Առանց այդ էլ չենք կարողանում օգտվել այդ խավիարից, օդի մեջ խոսում ենք»,- նկատեց Գ.Սահակյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց այս փուլում խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել հայտարարությամբ հանդես գալու հարցը. «Կշռադատված նպատակային հայտարարություն է անհրաժեշտ»:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հարցն արդեն քննարկվել է և բավականին լուրջ ռազմավարությունը մշակման փուլում է, և էլի ուրիշ-ուրիշ գործիքներ կկիրառեն:

Տեսանյութեր

Լրահոս