ԴԱԻՇ-ը սպառնում է գրավել Կրեմլը ու վերադարձնել Կովկասը
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը տեսաուղերձ է հրապարակել, որը սպառնալիք է պարունակվում Ռուսաստանի հասցեին: Ահաբեկիչները սպառնում են Ռուսաստանի տարածքում իրականացնել արյունալի հարձակումներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի մեդիաստորաբաժանումը՝ Al Hayat Media Center-ը ուղերձը հրապարակել է ռուսերենով, այն ուղեկցվում է նաև անգլերերն ենթագրերով: Հոլովակում, որտեղ լի են սպանությունների կադրեր, ասվում է, որ «շուտով, շատ շուտով արյունը ծովի պես կհոսի»: Դրանում ահաբեկիչները հայտարարում են Կրեմլը գրավելու ու «Կովկասը վերադարձնելու» մասին: Ուղերձի որոշ հատվածներ ուղղված են ոչ միայն Ռուսաստանին, այլև Եվրոպային:
Ինչպես նշում են BBC-ի փորձագետները, կադրում հնչում է ավանդական «նաշիդ» երգեցողությունը ու հիշեցնում ջիհադիստական գլխավոր հիմներից մեկը, որը ԴԱԻՇ-ն օգտագործում է բռնության տեսարաններով գաղափարախոսական տեսանյութերում:
BBC-ի հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում ԴԱԻՇ-ի հրապարակած տեսանյութին ու Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել , որ կարդացել է այդ մասին, սակայն չի տեսել ու ոչինչ չի կարող ասել ուղերձի մասին:
«Ամեն դեպքում, կարծում եմ, այդ հարցով կզբաղվեն մասնագետները»,- հավելել է Պեսկովը: