Սահմանադրական ռեալիթի շոու. Պատգամավորները աշխատանքի փոխարեն կքարոզեն մարզերում

«Այո»-ի և «ոչ»-ի ճամբարների պատգամավորների մի քանի խմբեր առաջիկա օրերին կշրջեն ՀՀ մարզերում: Յուրաքանչյուր խմբում յուրաքանչյուր կողմի 5-ական ներկայացուցիչներ վաղը 20 օրով մեկնելու են Հայաստանի հյուսիս ու հարավ՝ մասնակցելու համար սահմանադրական ռեալիթի շոուին, որ տևելու է օրական 11 ժամ շարունակ:

Սակայն ուշագրավն այն է, որ պատգամավորները սահմանադրական հանրաքվեի քարոզչությանը լծվելու են աշխատանքային օրերին ու աշխատանքային ժամերին: Ավելին, ԱԺ միջանցքներում շրջանառվող լուրերի համաձայն, առնվազն ՀՀԿ-ական պատգամավորների համար սա ձևակերպվելու է որպես գործուղում: Փաստորեն, ի չիք են դառնում ՀՀԿ-ականների հավաստիացումները, թե քարոզչություն իրականացնելու են միայն աշխատանքից դուրս:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական համարեց քարոզչության շրջանակներում տարբեր շոուների անցկացումը, որն, ըստ նրա, ավելի գրավիչ կլինի երիտասարդների համար: Նա հերքեց, թե ԱԺ-ից պատգամավորների գործուղում է ձևակերպվելու. «Այնպես պետք է կազմակերպենք, որ ԱԺ արտահերթ կամ հերթական նիստերին վնաս չհասցվի»:

Վ.Բաղդասարյանը պնդեց, թե պատգամավորներն աշխատանքային ժամերին չեն գնալու քարոզչության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն տեղեկությունը, որ որոշ պատգամավորներ մարզեր են մեկնելու ծառայողական մեքենաներով:

«Նման կենցաղային հարցերով ցանկություն չունեմ որևէ մեկին պատասխանել: Ֆրակցիայի ղեկավարը պարտավոր չէ նման հարցերի պատասխաններ տալու»,- հայտարարեց Վ.Բաղդասարյանը՝ խորհուրդ տալով ճշտումներն անել կազմակերպիչներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30