Իրանն ամրացնում է իր սահմանները՝ կանխարգելելու երկիր ահաբեկիչների ներթափանցումը
Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆակարին հայտարարել է, որ իր երկիրն ավելացել է սահմանային կետերի թիվը՝ երկիր ահաբեկիչների մուտքը կանխարգելելու նպատակով: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Այս մասին նա ասել է օտարերկրյա պետություններում Իրանի դեսպանների ու երկրի նահանգապետերի խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր Թեհրանում:
«Մենք կառուցել ենք 721 նոր սահմանակետեր՝ նպատակ ունենալով ուժեղացնել պաշտպանությունը երկրի տարածքում ահաբեկիչների հնարավոր ներթափանցման դեպքում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ նպատակով կիրառվել են էլեկտրոնային հսկողության հավելյալ միջոցներ ու ուժեղացվել է սահմանային հսկողությունը երկնքից:
Նա հայտնել է, որ Իրանը ստորագրել է անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթղթեր 36 երկրի հետ:
Իրանի ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները ուղղակի սպառնալիք չեն ներկայացնում Իրանի համար: Հոսեյն Զոլֆակարին հավելել է, որ անձամբ ԴԱԻՇ-ի գաղափարախոսությունը տարածված չէ Իրանի բնակչության շրջանում: