Բաժիններ՝

Ես կարծում եմ, որ այս գոտին պետք է անձեռնմխելի մնար նման տիպի գործողություններից. Ճարտարապետների միության նախագահ

Այսօր  «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Ասուլիսի թեման  Ճարտարապետական խնդիրներն էին  և մարզահամերգային համալիրի վաճառքը։

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչածածկ տարածքների խնդրին՝ Մ. Մինասյանը ցավով նշեց, որ կանաչն ընդհանրապես Երևանին չի բավականեցնում և այս պահին եղած ցուցանիշները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում, ինչը, ըստ բանախոսի, շատ վտանգավոր է. «Մեր քաղաքային այգիները բզկտված վիճակում են և  դրանցից որևիցե մեկը չեն պահպանվում իրենց նախնական վիճակը, որ ունեին: Ճիշտ է՝ կարելի է ասել, որ նրանք անխնամ էին, ջրագծերը լավ չէին աշխատում, բայց  դրանք գոնե վերականգնելու  և հասարակաությանը վերադարձնելու  հնարավորություն կունենայինք, եթե առհասարակ պահպանվեին այդ տարածքները, որպես կանաչ գոտիներ», – ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Ըստ նրա՝ կանաչ գոտիների վերացման առաջին ձեռնարկը Հաղթանակի զբոսայգուն հարող տարածքում կառուցված հյուրանոցային համալիրի շինարարությունը եղավ, որն անդառնալի հետևանք թողեց տարածքի կանաչապատ տարածության վրա:  Մ. Մինասյանը նշեց, որ նմանատիպ աղետ  կանխելու համար  իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին  Օղակաձև այգին ուռճացված քանակությամբ  սրճարանային կառույցներից ազատելու պահանջով և դեռ հույս կա, որ իրենց բողոքը տեղ կհասնի ու  անպատասխան չի մնա, ինչն արդեն չի կարելի ասել Զանգվի ձորի մասին, որտեղ հիմա գետի երկու կողմերում  ինտենսիվ կառուցապատման այնպիսի մասշտաբներ են, որի արդյունքում ըստ բանախոսի կանաչապատ տարածքնեևրից ընդհանրապես ոչինչ  չի մնացել:

Անդրադառնալով  Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի  խնդրին` Ճարտարապետների միության նախագահն ասաց, որ սա այսօրվա ցավոտ խնդիրներից մեկն է, և իրենք դեռ չեն էլ իմանում, թե այնտեղ գտնվող 9  հա տարածության հատկապես ո՞ր մասում է նախատեսվում  կառուցել նախագծով նախատեսված ժամանցային համալիրը. «Ես կարծում եմ, որ այս գոտին պետք է անձեռնմխելի մնար նման տիպի գործողություններից, ոչ միայն այն պատճառով  որ սա տեղի և ողջ Սփյուռքի համար հատուկ մի վայր է, այլև մենք մեծ վախ ունենք, որ այդ ժամանցային գոտին կարող է շատ մոտ կառուցվել Մարզահամերգային համալիրին և առավել ևս՝  Ցեղասպանության  հուշահամալիրին»:

168.am-ի այն հարցին, թե Ճարտարապետների միությունն արդյո՞ք փորձել է հասկանալ, թե ովքե՞ր են կառույցների սեփականատերերը և  արդո՞ք նրանք ունեն հստակ ինֆորմացիա՝ Կառավարությունն արդեն կայացրե՞լ է  նախագծի ընդունման որոշումը, միության նախագահը պատասխանեց, որ իրենք այս հարցերի մասին որևէ ինֆորմացիա չունեն: Նա ենթադրում է նաև, որ սպասվելիք կառուցապատման ընթացքում Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը փոփոխությունների չի ենթարկվի:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նրանք պաշտոնական հարցում չեն իրականացնում հասկանալու իրենց հուզող և դեռևս անհայտ հարցերի պատասխանները, միության նախագահն  ասաց, որ ուշ թե շուտ  իրենք դա անպայման կանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս