Նիկ Գորդոնը Ուիթնի Հյուսթոնի աղջկան խեղդել է հանուն նրա ընկերուհու. ԶԼՄ-ներ
Հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ, մահացավ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դուստրը՝ Բոբբի Քրիստինա Բրաունը:
2015 թվականի հունվարի 31-ին նրան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը: Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանել էին, որ անզոր են օգնել աղջկան: Աղջկա մահվան փաստը պարուրված է գաղտնիքով:
Շրջանառվում էր տեղեկություն, որ աղջկան կարող էր սպանել նրա քաղաքացիական ամուսինը՝ Նիկը: Հետաքննության ներկայացուցիչները այդ հաշվով մեկնաբանություններ չեն կատարում, սակայն ԶԼՄ-ների մոտ են հայտնվել Գորդոնի լուսանկարները, որ արվել էին Բոբբի Քրիստինայի՝ հիվանդանոցում հայտնվելուց մի քանի ժամ անց:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է նա հենց այդ նույն բժշկական կենտրոնից հաշմանդամի սայլակով դուրս բերում սպիտակամորթ աղջկա: Այդ աղջիկը 18-ամյա Դանիելա Բրեդլին է, ով ընկերություն էր անում Բոբբի Քրիստինայի ու Գորդոնի հետ ու հաճախ էր գիշերում նրանց տանը:
Աղջիկը գտնվել էր այդ տանը հունվարի 31-ին, երբ Բոբբի Քրիստինային հայտնաբերել էին լոգարանում: Դանիելայի ընկերը՝ 24-ամյա Մաքս Լոմասն ու անձամբ Գորդոնը նույնպես տանն էին եղել, գրում է Daily Mail-ը:
Հյուսթոնի աղջկա ներկայացուցիչները պնդում են, որ հենց Գորդոնն է թմրանյութեր տվել Բոբբի Քրիստինային, ապա նրան անգիտակից վիճակում տեղափոխել ու դրել ջրով լի վաննան: Հայցում նշվում է, որ այդ ժամանակ ննջարանում այլ աղջիկ է գտնվել, ով սպասել է Գորդոնին:
Հայցվորների խոսքով՝ Գորդոնը ցանկացել է սպանել Բոբբի Քրիստինային: Չի նշվում, թե ինչու է Բրեդլին հայտնվել հիվանդանոցում: Աղջկա մայրը վստահեցրել է լրագրողներին, որ չի էլ իմացել դստեր հոսպիտալացման մասին:
Գորդոնի փաստաբանների խոսքով՝ նրա նկատմամբ մեղադրանքները անհիմն են: