Բաժիններ՝

«Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը կբողոքարկի իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը

Ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենին երեկ հեռացրել են կուսակցության շարքերից: Ինչպես նշում է Le Figaro-ն, կուսակցության գործադիր կոմիտեի նիստին չեն մասնակցել Մարին Լե Պենն ու նրա տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոն:

Լե Պենի խոսքով՝ կուսակցությունում սկսվել է «վհուկների որս» ու կուսակցության այն անդամները, ովքեր համաձայն չեն կուսակցության հիմնադրի դստեր՝ Մարին Լե Պենի ընտրած կուրսի հետ, ռիսկի են դիմում՝ հայտնվել վտանգի մեջ:
Լե Պենին մեղադրում են նրանում, որ նա իր արտահայտություններով թուլացրել է «Ազգային ճակատը»:

Ինչպես հաղորդում է Itele-ն, Ժան-Մարի Լե Պենը մտադիր է բողոքարկել կուսակցությունից իրեն հեռացնելու որոշումը:

Այս տարվա գարնանը Լե Պենը հեռուստաեթերում նացիստների գազային խցիկներն անվանել էր «պատմության սովորական դետալ», ինչով և արժանացել էր կուսակիցների քննադատությանը:

Դրանից հետո Մարին Լե Պենը հորը արգելել էր հանդես գալ «Ազգային ճակատի» անունից:

Ժան-Մարի Լե Պենը «Ազգային ճակատը» հիմնադրել է 1972-ին ու մինչև 2011 թվականը դրա անփոփոխ նախագահն էր:

Դրանից հետո կուսակցությունը ղեկավարեց նրա դուստրը, իսկ Լե Պենը մնաց որպես պատվավոր նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս