Խելացի տեսախցիկները կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորներին
2013-2014 թթ․ Ճապոնիայում գրանցվել է 220 դժբախտ պատահար, որոնք կապված են եղել ուղևորների՝ ռելսերին չափազանց մոտ կանգնելու հետ։ Ընդ որում՝ պատահարների 60%-ի դեպքում տուժած ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է ittrend.am-ը՝ հղում անելով The Next Web-ին:
Նման պատահարներից խուսափելու ու դրանց թիվը նվազեցնելու համար Ճապոնիայի երկաթգիծը (JR WEST) պատրաստվում է կայարաններում խելացի տեսախցիկներ տեղադրել, որոնք կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող, հավասարակշռությունը դժվարությամբ պահող ու նստարաններին քնած ուղևորներին։
Առաջին 46 տեսախցիկները կտեղադրվեն Օսակայում, եթե փորձարկումը հաջող անցնի, ապա համակարգը կընդլայնվի։
JR WEST-ի մամուլի ծառայությունը նշում է, որ տեսախցիկները նախատեսված են միայն վերոնշյալ նպատակով և չեն օգտագործվելու մարդկանց դեմքերը ճանաչելու համար։