Բաժիններ՝

«Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ». Անահիտ Բախշյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառելու մասին

«Ոչ միայն որգևորվելու առիթ չի տալիս մեր Երրորդ հանրապետության կառավարության հերթական խայտառակ վաճառքը, այլև անչափ մտահոգում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի մասին, նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նրա համոզմամբ՝ մտահոգության առիթ են տալիս հենց կառավարության որոշման մեջ գրված հիմնավորումներից շատերը. «Առաջինը՝ որ այդ մարզահամերգայինը վաճառվեց 30 միլիոն դոլարով, երբ իր գնահատված արժեքը 60 միլիոն էր: Հասկանում եմ, որ դժվար է պետական բյուջեով պահել նման կառույցը, քանի որ որտեղ ասես գումար տրմադրվում է՝ կառավարության կողմից, օրինակ, կառավարության շենքը հերթական անգամ վերանորոգվում է, բայց մարզահամերգայինը բեռ էր նրանց համար, ու դրա համար «վիզ դրած» ուզում են ազատվել այն կառույցից, որը պատմամշակութային արժեքների ցանկում գրանցված է»:

Ա. Բախշյանին անհանգստացնում է նաև այն, որ Մշակույթի նախարարությունը ձայն չի հանում, երբ այդ պատմամշակութային արժեք համարվող կառույցը հանվում է վաճառքի:

«Կառավորությունը շատ կամայական մի վաճառք է կատարել մի ամիս առաջ գրանցված մի ՍՊԸ-ի, որի անունն է «ՆՏԱԱ ինվեստմենթ գրուպ», որի ղեկավարն Արմեն Զավենի Գևորգյանն է. ո՞վ է այդ մարդը, ինչո՞վ է հայտնի: Ժամանցի կենտրոններ, հյուրանոցներ, կազինո… Որքան կարդացածիցս հասկանում եմ՝ այդ ամենը պետք է լինի այդ շենքի մեջ, թեպետ հարակից տարածքի մի մասն էլ է տրվել այդ ՍՊԸ-ին: Այդ ներդրման ծրագրով 100 միլիոն դոլար է նախատեսվում: ԱԺ-ն խաղատների մասին օրենք ընդունեց, որտեղ հստակ գրված է, թե կազինոները Հայաստանի որ քաղաքներում կարող են լինել և Երևանում կարող է լինել միայն այն դեպքում, երբ 100 միլիոն դոլարի ներդրում կա այդ կազինոյի վրա: Հիմա այս ամբողջ համալիրի համար 100 միլիոն դոլար է խոստացել ներդնել այդ Արմեն Զ. Գևորգյանը, հետևաբար՝ օրենքով չթույլատրված կազինո է նախատեսվում մարզահամերգայինում ունենալ»,- հայտարարեց Ա. Բախշյանը:

Նա համոզված է, որ այս գործարքի տակ ինչ-որ շատ մեծ շահ կա, որը մի հատ ոսկետար խողովակով որոշակի մարդկանց գրպան է տանելու որոշակի գումարներ. «Հերթական անգամ հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդ ոսկետար խողովակից հաստատ կօգտվի, այսինքն՝ այս ամեն ինչի տակ այնքան ակնհայտ է այդ կոռուպցիան, հենց տեքստից կարելի է եզրակացնել, թե ինչքան արհեստականորեն գրված տեքստ է»:

Հարցին՝ ըստ Ձեզ ինչպե՞ս կվերաբերվեր այս ամենին Կարեն Դեմիրճյանը, ում անունն է կրում Մարզահամերգային համալիրը, Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս