Բաժիններ՝

Հիմա ամենահարմար պահն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքները խախտողների դեմ. Freedom House

Freedom House-ի ղեկավար Մարկ Լագոն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել Վաշինգտոնին ու Արևմուտքին կոշտ արձագանքել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումներին ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերին, հայտնում  է Contact.az-ը:

«Իրավիճակը չափազանց ծանր է, Ադրբեջանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան Ռուսաստանում և Բելառուսում՝ միասին վերցրած»,- ասել է Freedom House-ի ղեկավարը:

Հարցին, թե ինչով է բացատրվում երկրի իշխանությունների դաժանությունը, Լագոնն ասել է, թե «բռնատիրական ու կոռումպացված ռեժիմները վախենում են քաղաքացիական հասարակությունից, որը մերկացնում է իշխանությունների հանցագործությունները: Բռնաճնշումները մարդկանց բերանը փակելու ու քննադատական ձայները խեղդելու փորձ են:
Միևնույն ժամանակ, դա ցուցանիշ է այն բանի, որ Բաքուն իր վրա չի զգում  միջազգային հանրության կողմից բավարար ճնշում:  Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մեծ հետաքրքրություն դրսևորելով էներգետիկայի, առևտրի ու անվտանգության հարցերի նկատմամբ, ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքների հարցերին: Դա հիմք է տալիս իշխանություններին իրենց նման կերպ դրսևորել»,- հայտարարել է նա:

Հարցին, թե ինչ պետք է անի նման իրավիճակում Արևմուտքը, Լագոնը նշել է, որ Ամերիկայում կա հստակ մեխանիզմ ընդդեմ կոռումպացվածների ու մարդու իրավունքների խախտողների:

«Հիմա ամենահարմար պահն է այդ պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է նա՝ նշելով, թե Վաշինգտոնը չպետք է առևտուր անի նման կառավարության հետ:
«Դա արմատապես հակասում է ԱՄՆ շահերին՝ էլ չասած մեր արժեքների մասին»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս