«Հայկական կողմը կորուստներ չի տվել». ԼՂՀ ՊԲ խոսնակ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնելով շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, հայտնում է, որ մեկ զոհ է տվել: Ըստ Ադբրեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ զոհվել է ժամկետային զինծառայող Էլդար Սախավատ օղլու Ֆատալիևը: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, թե հայկական կողմը 5 զոհ է ունեցել:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց ադրբեջանական կողմից տարածված՝ հայ 5 զինծառայողների մահվան մասին լուրը:
«Ադրբեջանական քարոզչության կողմից տարածված հաղորդագրության մեջ առնվազն երկու վրիպում կա: Դրանցից առաջինն այն է, որ նախահարձակ գործողություն է սկսել ոչ թե հայկական կողմը, այլ ադրբեջանականը»,- ասաց Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ երկրորդն այն է, որ սեփական կորուստն արդարացնելու նպատակով հակառակորդը վկայակոչում է օդից վերցված տվյալ, ըստ որի՝ հայկական կողմը տվել է առնվազն 5 զոհ.
«Հայկական կողմը կորուստներ չի տվել: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի մեկ զոհին, ապա դա իրականությանը համապատասխանում է, քանի որ դա փաստում է նաև հենց ինքը՝ ադրբեջանական կողմը»,-ասաց ԼՂՀ ՊԲ խոսնակը: