«Մենք պատրաստ ենք Վանի ինքնապաշտպանության՝ հրկիզվող հրանյութեր, մոլոտովյան կոկտեյլներ, հրասայլեր, ջրցաններ…». Հյուսիսային պողոտայի հարակից շենքերի բնակիչները չեն թողնելու, որ շենքերը քանդեն
Այսօր Տերյան 23, Տերյան 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներն իրենց շենքերից երթով քայլել են դեպի նախագահական նստավայր, որպեսզի իրենց պահանջները ներկայացնող նամակը և դրան կցված 18 հազար ստորագրությունները հանձնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշենք, որ վերոնշյալ շենքերի քանդման խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականի մարտի 1-ից և մինչ օրս լուծում չի ստացել:
Շենքերի բնակիչները, արդեն 8.5 տարի է՝ տարբեր բողոքի ակցիաներով, պատկան մարմիններին նամակներ ուղարկելով՝ խնդրում են չքանդել իրենց շենքերը՝ բերելով տարբեր փաստեր այն մասին, որ այդ շենքերը վթարային չեն:
168.am-ի հետ զրույցում շենքերի բնակիչների բողոքի ակցիաները ղեկավարող, բնակիչ Վարդան Գերավետյանը նշեց, որ իրենք խնդրում են, որպեսզի այդ շենքերը պահպանվեն, բարեկարգվեն և ճանաչվեն՝ որպես պատմամշակութային համալիր, քանի որ այնտեղ ապրել են նշանավոր բազմաթիվ մարդիկ:
Նա նշեց, որ մոտ 23 օրերի ընթացքում իրենք հավաքել են թվով 18 հազար 43 ստորագրություն՝ ի պաշտպանություն այդ շենքերի պահպանման: Ստորագրահավաքին մասնակցել են ինչպես՝ շենքի բնակիչները, այնպես էլ՝ տարբեր քաղաքացիներ, զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր:
Վ. Գերավետյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանը, ով «Local developers» ՍՊԸ-ի տնօրենն է, հանդիսանում է այդ տարածքի կառուցապատողը:
«Արդեն 2007 թվականից 3 կառավարության որոշում է դուրս եկել, և 3 անգամ նա հաստատվել է՝ որպես կառուցապատող: 2 անգամ նա չի կարողացել իր պարտականությունները կատարել, 3-րդ անգամ էլ են նրան որպես կառուցապատող ճանաչել, քանի որ, իբր թե ինչ-որ ծախսեր է արել այդ տարածքում՝ մի քանի տներ է գնել, որոնք ցանկացած ժամանակ կարող է վերավաճառել: Այնպես չէ, որ ինքն ինչ-որ շինարարական գործողություն է արել, և նրան ինչ-որ մեծ ֆինանսական վնասներ են հասցվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նախագահին ուղղված նամակում բնակիչները նաև ասում են, որ իրենք իրենց միջոցներով պատրաստ են այդ շենքերը վերանորոգել, եթե պետբյուջեն չունի այդքան միջոցներ. «Ասում ենք՝ դուք միայն մեզ տվեք ճարտարապետական որոշում: Բայց ես ասեմ ավելին, որ ունեմ ճարտարապետ ընկերներ, ովքեր պատրաստ են անհատույց կերպով օգնել այդ հարցում»:
Վ. Գերավետյանն ասաց, որ սա ոչ այնքան դիտարկում են՝ որպես իրենց սեփականության առգրավում, որքան՝ «մարդու իրավունքների կոպիտ խախտում, որտեղ մարդը ոչինչ է»: Նրա խոսքով՝ եթե այս խնդիրը լուծում չստանա, իրենք դիմելու են ինքնապաշտպանության:
Մեր հարցին՝ ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, Վ. Գերավետյանն այսպես պատասխանեց.
«Եթե գան ու փորձեն ԴԱՀԿ-ով հանել մեզ, մենք դա թույլ չենք տալու, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն է լինելու, ես դիմելու եմ ամբողջ հայությանը, ասեմ, որ սփյուռքից էլ են պատրաստ գալ ու մասնակցել այդ միջոցառմանը, մարդկային պատնեշ ենք ստեղծելու ու չենք թողնելու՝ մեզ հանեն այդ շենքերից: Մենք նաև կդիմենք Եվրոդատարան»:
Շենքի բնակիչներից Անդրանիկ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Մայրապետյանն ուղղակի «թալանով» է զբաղված.
«Պարոն Մայրապետյանն ուղղակի թալանով է զբաղված, Տիգրան Սարգսյանն իրեն իրավունք է տվել, Մայրապետյանն էլ թալանում է, էլ հաշվի չի առնում՝ ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ: Այսօր սոցիալիզմ չէ, գույքի գրավո՞ւմ է, ի՞նչ է: Չնչին կոպեկներ, գրոշներ է տալիս ու գցում դուրս, ինքը հարստանա, մենք աղքատանա՞նք…»:
Հարցին՝ պայքարի ի՞նչ միջոցների եք պատրաստ, եթե, այնուամենայնիվ, որոշվի շենքերը քանդել, Ա. Մկրտչյանն այսպես պատասխանեց.
«Մենք պատրաստ ենք Վանի ինքնապաշտպանության՝ հրկիզվող հրանյութեր, մոլոտովյան կոկտեյլներ, հրասայլեր, ջրցաններ և SS 205 հրթիռներ՝ առանց կատակի, ես ասում եմ սա՝ որպես 2-րդ կարգի հաշմանդամ, ազատամարտիկ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: