Ի՞նչ է պահանջել ԼՂՀ ոստիկանության պետը
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում քննարկվել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները:
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության փոխգնդապետ Կամո Հայրապետյանը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 6 և մարմնական վնասվածքներ ստացել 49 քաղաքացի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 29-ը պատահարի, 5 զոհի և 29-ը վիրավորի դիմաց:
Չնայած ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող բազմածավալ և բազմաբնույթ միջոցառումներին, ցավոք ճանապարհատրանսպորտային պատահարները, հետևաբար նաև դրանց հետևանքում զոհերի և վիրավորների թիվը անցած տարվա 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել են: Ձեռնպահ մնալով կիսամյակի արդյունքներով գնահատականներ տալուց, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում կարևորել է անաչառության և օրենքի առաջ բոլորի հավասարության անշեղ ապահովումը և պահանջել է ավելի խորքային վերլուծության ենթարկել յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահար ու պարզելով դրանց առաջացման պատճառներն ու պայմանները՝ կազմել միջոցառումների պլան և խստագույնս առաջնորդվել դրա պահանջներով:
Եվս մեկ անգամ կարևորելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարողների նկատմամբ անզիջում լինելու հանձնարարականը՝ ոստիկանության պետը այդ գործում թերացած ճանապարհային ոստիկանության մեկ ծառայողի ազատել է զբաղեցրած պաշտոնից:
«Երթևեկության կանոնների պահպանման գործում դուք պարտավոր եք բացարձակ արդարամտություն ցուցաբերել: Պետական օգտագործման տրանսպորտային միջոցներ գործածողները ոչ մի առավելություն չունեն, ընդհակառակը նրանք առավել մեծ պատասխանատվություն են կրում երթևեկության կանոնների հանդեպ: Ձեր գործառույթները կատարելուց եղեք անաչառ և սկզբունքային ու այդժամ կտեսնեք, թե ինչպես է փոխվում և ամրապնդվում հասարակության վստահությունը ձեր հանդեպ», – եզրափակել է ոստիկանության պետը: