«Գագիկ Հարությունյանն ի՞նչ է մտածում, թող գա նստի՝ ես նրան կետ առ կետ բացատրեմ, որ այդ բոլոր կետերը հիմարություններ են». Գառնիկ Իսագուլյան

«Հասարակությանը որևէ կերպ չբացատրվեց, թե ի՞նչ անհրաժեշտություն կար, որ սահմանադրական փոփոխությունների նման մեծածավալ աշխատանք տարվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը ոչ միայն խնդիրները չի լուծում, այլև խճճում է ամեն ինչ. «Ես այդ սահմանադրական փոփոխությունները բնութագրեցի՝ որպես «Մատյան ողբերգության», նախ՝ ծավալի առումով, հետո, որ այդ բոլոր գլուխները միանգամից առաջացնում են խառնաշփոթ»: Նա նկատեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց, ըստ նրա, Սահմանադրության այս նախագծով՝ իշխանությունն ուղղակի «խլվում» է ժողովրդից. «Դա պետական հանցագործություն է»:

Գ. Իսագուլյանը հայտարարեց, որ իր համար զարմանալի է, որ հինգ տեղ նշվում է կանանց և տղամարդկանց հավասարությունը. «Հանձնաժողովի անդամները գուցե հետագայում սեռափոխման խնդիր ունեն, որ հինգ տեղ գրում են դա: Ի՞նչ պետք է անել, փաստացի հավասարությունը ո՞րն է»: Նրա համոզմամբ՝ եթե գործող սահմանադրության մեջ հստակ նշված էր՝ ինչ իրավունքներ և պարտավորություններ կան, հիմա տարբեր տեղերից տարբեր հոդվածներ են ներառված այս սահմանադրության մեջ:

Գ. Իսագուլյանը կարծում է՝ այս նոր սահմանադրությամբ՝ նախագահը դարձված է «խեղկատակ». «Այդ նախագծով՝ նախագահը որևէ լիազորություն չունի, իսկ ամենավերջին կետում ընդհանրապես խայտառակություն է գրված՝ միայն վարչապետի և Սփյուռքի նախարարի կրկնաստորագրության դեպքում նախագահը կարող է գնալ արտասահման: Այսինքն՝ պետք է անպայման Հրանուշ Հակոբյանը վիզա դնի, թե չէ՝ նախագահն ինչպե՞ս է գնալու»: Գ. Իսագուլյանը համոզված է, որ այս սահմանադրության նախաձեռնողներն ուզում են վերջնականապես կործանել Հայաստանի Հանրապետությունը. «Ես գիտեմ, որ այս սահմանադրությունը չի գործելու, ու դնելու են նորից փոխեն, բայց ինչո՞ւ ենք մենք մեր ժողովրդին նման փորձության տանում: Մեր իշխանավորները, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ի՞նչ են մտածում, ինքը թող գա նստի՝ ես նրան կետ առ կետ բացատրեմ, որ այդ բոլոր կետերը հիմարություններ են»:

Գ. Իսագուլյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մի խնդրանք ունի, որ նա չկանչի իր մոտ նրանց, ովքեր ուզում են հաճոյանալ նրան, այլ այն իրավաբաններին, որոնք կասեն նախագահին, թե ինչ «լուրջ վտանգ է իր մեջ պարունակում այս նախագիծը»:

Տեսանյութեր

Լրահոս