
Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի. ականատեսները հայտնում են 2 մահապարտի մասին

Սիրիայի Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27 մարդու, ականատեսները հայտնում են երկու մահապարտի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քոբանի քաղաքից լրագրող Շամս Շանին այդ ժամանակ գտնվել է ողբերգության վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
«Մենք լսեցինք ուժեղ պայթյունի ձայն: Երբ մոտեցանք դեպքի վայրին, գետնին բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ էին ընկած: Նրանք պատմում էին երկու մահապարտների մասին, ովքեր ուղևորվում էին մշակույթի կենտրոնը: Այդ ժամանակ այնտեղ գտնվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, երեխաներ, կանայք ու լրագրողներ»,-պատմել է կինը:
Թուրքական իշխանությունների տվյալով՝ պայթյունի զոհ է դարձել նվազագույնը 27 մարդ, ևս 100-ը ստացել են վնասվածքներ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ պայթյունը ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքի գործն է, սակայն դեռ ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել հարձակման համար:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 9.00-ին «Ամարա» մշակութային կենտրոնի այգում, որտեղ հավաքվել էին երիտասարդական ասոցիացիաների հարյուրավոր պատվիրակներ:
Թուրքիայի իշխանությունները հետաքննում են կատարվածը: