Օմսկի զորանոցում փլուզման հետևանքով մահացածների ընտանիքներին կվճարեն 400 հազարական ռուբլի
Օմսկի մարզի նահանգապետ Վիկտոր Նազարովը խոստացել է 400 հազարական ռուբլի (մոտավորապես 7 հազար դոլար) հատկացնել Օմսկի զորանոցի մասնաշենքի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին:
Մարզային ադմինիստրացիայի կայքում նշված է, որ ևս 300 հազարական ռուբլի (5,2 հազար դոլար) կհատկացվի շրջանային բյուջեից այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել տանիքի ու պատերի փլուզման հետևանքով:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Օմսկի Սվետլի ավանում գտնվող չորսհարկանի զորանոցի տանիքը փլուզվել էր, մասնակի քանդվել էին նաև պատերը: Դեպքի վայրում զորանոցում գտնվել է 337 մարդ, 23 զինծառայող մահացել էր, 19-ը գտնվում է հիվանդանոցներում:
Ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրներին, հայտնում են, որ մի քանի տարի առաջ զորանոցի վերանորոգման աշխատանքների ժամանակ փոփոխություններ են կատարվել շենքի կոնստրուկցիայում:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: