Քրեական հեղինակություն Տույին մեղադրանք է առաջադրվել
Հուլիսի 10-ին ձերբակալված Արթուր Ղազարյանին (Տույ) մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրնսգրքի 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին նաև, որ քննիչը որոշում է կայացրել Արթուր Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: