Բաժիններ՝

32-ամյա հարբած կինը ոտքերով, ձեռքերով, քարով և մալուխով հարվածներ է հասցրել տաքսու վարորդին. նրան են միացել մայրն ու եղբայրը

Քրեական գործի շրջանակներում երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, նստելով Երևան քաղաքի բնակչի տաքսի ավտոմեքենան և հասնելով իրենց տան մոտ` ուղեվարձի վճարի հետ կապված վիճաբանության մեջ է մտել տաքսու վարորդի հետ, վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ոտքերով, ձեռքերով, քարով և մալուխով հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, ձեռքերին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Բացի այդ, վիճաբանության ժամանակ տաքսու վարորդի գույքը վնասելու դիտավորությամբ, ոտքերով և քարերով հարվածել է նրա ավտոմեքենայի ետևի երկու լուսարձակներին, վնասել դրանք, այնուհետև բարձրանալով նշված ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա` մի քանի անգամ դիտավորությամբ ոտքերով հարվածել է ծածկոցին, որից հետո ոտքերով հարվածել է դիմապակուն, վնասել այն` տաքսու վարորդին պատճառելով զգալի չափերի` 78.000 դրամի գույքային վնաս:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը. նա մեղադրվում է այն բանի համար, որ նկատելով, որ քույրը տաքսու վարձավճարի հարցի շուրջ վիճաբանում է տաքսու վարորդի հետ, միջամտել է վիճաբանությանը, դիտավորությամբ փայտով հարվածներ է հասցրել նրա ձեռքերին, գլխին, պարանոցին և մեջքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրանց մորը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նկատելով, որ դուստրն իրենց տան դիմաց տաքսու վարձավճարի հարցի շուրջ վիճաբանում է տաքսու վարորդի հետ, նույնպես վիճաբանության է բռնվել նրա հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով և փայտով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին` առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս