Օֆշորային սկանդալի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չճանաչեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց հայտնի օֆշորային սկանդալի գործով դատաքննությունը:

Դատարան չէր ներկայաել գործով տուժող Վարդան Հայրապետյանը, ով դիմում էր ներկայացրել դատարանին՝ նշելով, որ տառապում է մի շարք հիվանդություններով, չի կարողանում ընդհանրապես քայլել, նա խնդրել էր հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:

Մեղադրողը և ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը չառարկեցին տուժողի բացակայությամբ նիստը շարունակելու դեմ, սակայն Խաչատրյանը նշեց, որ հետագայում կարող են լինել պարզաբանման ենթակա հանգամանքներ, իսկ եթե բժշկական տեսանկյունից նա ընդհանրապես չի կարող ներկայանալ, դա այլ հարց է: Դատարան չէր ներկայացել գործով մյուս տուժող Գագիկ Ղարիբյանը. նրա ներկայացուցիչն ասաց, որ մայրը ծանր վիճակում է գտնվում, այդ պատճառով տուժողը չի կարողացել ներկայանալ դատարան: Իր անձնական տվյալները ներկայացնելիս ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն ասաց, որ ունի բարձրագույն կրթություն, ադամանդագործ-ոսկերիչ է, նախկինում դատված չի եղել:

Դատարանում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Տեսանյութեր

Լրահոս