Ինչո՞ւ էր Միշել Պլանտինին այցելել Հայաստան. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ էր նշված՝ ոչ պաշտոնական այցով, Երևան էր ժամանել Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։
Նախկինում լեգենդար ֆուտբոլիստ, իսկ ՈԻԵՖԱ-ն 2007 թվականից գլխավորող Պլատինին առաջին անգամը չէ, որ այցելում է Երևան։ «Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները և այստեղ եմ դրա համար։ Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ՝ ՀՖՖ նախագահ Ոաբեն Հայրապետյանի մոտ»,- տարիներ առաջ պատասխանել է Պլատինին հարցին, թե սիրո՞ւմ եք Հայաստան այցելել։ Պլատինին միակ այլազգի մարզական գործիչն է, որ մեր երկրի բարձրագույն պարգևներից մեկի՝ «Պատվո շքանշանի» ասպետ է (2010 թվական, «Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար»։
Եվ այսպես, ինչո՞ւ է Պլատինին ժամանել Հայաստան։ Ընդամենը օրեր առաջ ՈԻԵՖԱ-ի նախագահը ինչ-որ տեղ սենսացիոն հայտարարության էր տարածել։ «ՖԻՖԱ– ում փոփոխություններ են պետք, նոր նախագահ։ Պաշտպանել ու աջակցել եմ Բլատերին մինչ այժմ կատարված բոլոր ընտրություններում, բայց ոչ այս անգամ։ ՖԻՖԱ– ին թարմ շունչ է պետք»,– հայտարարել է Պլատինին։
Խոսքը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների մասին է, որոնք պետք է տեղի ունենան ուղիղ մեկ շաբաթ հետո՝ մայիսի 29-ին, Ցյուրիխում։
Հիշեցնեմ, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Զեպ Բլատերը, Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Վան Պրաագը, Հորդանանի արքայազն Ափ բին Ալ-Հուսեյնն ու Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։ Կանոնակարգի համաձայն, ՖԻՖԱ-ի նախագահն ընտրվում է անդամ 209 երկրների ձայների պարզ մեծամասնությամբ՝ 105 ձայն հավաքած թեկնածուն կդառնա նախագահ։
Մինչ վերջերս, կայանալիք ընտրությունների արդյունքը գրեթե կասկած չէր հարուցում, գործող նախագահ, 79– ամյա Զեպ Բլատերը գրեթե ապահովել էր իր համար անհրաժեշտ ձայները։ Միակ թեկնածուն, որ ինչ-որ չափով կարող է պայքարել Բլատերի հետ, Հորդանանի արքայազն է, ում աջակցում են մի քանի տասնյակի հասնող ասիական երկրներ։
Բայց վերջին շրջանում Բլատերի դեմ արշավ է սկսվել, մոտ 1 ամիս առաջ գերմանական ARD հեոուստաալիքով ցուցադրվել է Բլատերի հակաօրինական գործողությունների մասին պատմող «Կոռուպցիայի օջախ, ո՞վ է վաճառում ֆուտբոլը» անվանումով ֆիլմը։ Հեղինակները ապացուցում են, որ Բլատերն ու իր ղեկավարած կազմակերպությունը թաղված են կոռուպցիայի մեջ։ «ՖԻՖԱ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում. այն կրում է ոչ առևտրային բնույթ ու ազատված է բոլոր հարկերից։ Տարեկան 1 միլիարդ եվրո շրջանառություն ունեցող կազմակերպությունը ոչ մի լումա հարկ չի մուծում, սա բացառիկ դեպք է մոլորակի պատմության մեջ։
Նման իրավիճակը թույլ է տալիս ՖԻՖԱ-ի գործող նախագահին տարբեր երկրների ֆեդերացիաներին ֆինանսական օժանդակության հատկացնել։ Աֆրիկայի բոլոր՝ 54 երկրների ձայները Բլատերն արդեն գնել է»,– նշում են ֆիլմի հեղինակները։ Բլատերի դեմ է նաև Պլատինին, ով նույնպես այդ ուղղությամբ քայլեր է կատարում, ու հենց այս ենթատեքստումէ պետք դիտարկել Հայաստան նրա այցը։ Բնականաբար՝ միայն Հայաստանով չի ավարտվելու Պլատինիի «առաքելությանը», բայց սկսել այն շատ վստահելի գործընկերոջից հաջողության գրավականն է։
Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լուիշ Ֆիգուն և Միխայիլ Վան Պոաագը հանել են իրենց թեկնածություններն ու աջակցության հայտնել Հորդանանի արքայազնին։
Կարդացեք՝ «Հայակական ժամանակի» այսօրվա համարում: