Փոստանջյանը պատրաստ է Նարեկ Սարգսյանի հետ մեկնել Վանաձոր

«Կառավարությունն այս պահին ամեն ինչ անում է, որ լուծվի երկրաշարժի պատճառով ուղիղ աղետից տուժածների բնակարանների խնդիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով Զարուհի Փոստանջյանին, ով հրապարակեց Վանաձորի մի խումբ բնակիչների նամակը, որոնք բողոքում էին տնակներից և բնակության պայմաններից:

Ըստ Ն.Սարգսյանի՝ երկրաշարժի այդ էջը պետք է փակել, ի վերջո: Նա հայտնեց, որ մոտ 1.5 մլրդ դրամ է նախատեսվում, որ Գյումրիի խնդիրը փակվի, հաջորդ տարիներին կաշխատեն Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում խնդրի լուծման ուղղությամբ:

Բնակիչների բողոքի մասով նախարարը նշեց, որ կոնկրետ պետք է ուսումնասիրել դեպքերը և ամեն ինչ կախված կլինի հաջորդ տարվա բյուջեի հնարավորությունից:

Նախարարի դիտարկմանը, որ շուտով ինքը պատրաստվում է այցելել Վանաձոր, Զ.Փոստանջյանը պատրաստակամություն հայտնեց մեկնել նրա հետ: Փոստանջյանը նշեց, որ երբ քաղաքապետարանը Երևանում անվճար տարածք տրամադրեց ՌԴ կազմակերպությանը, ապա վանաձորցիներին ևս կարող են բավականին այլընտրանքներ առաջարկել:

Տեսանյութեր

Լրահոս