Սեյրան Սարոյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Քու մարդն ու քու երեխեքն են նարկոման»
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներն ու պնդումները՝ կապված Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի հետ, հարցուցեցին ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի բարկությունը, ով Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի քավորն է: ԱԺ միջանցքում Սարոյանը թեժ վիճաբանություն սկսեց Փոստանջյանի հետ:
«Ապացուցի, ո՞վ է ասում, սուտ ես խոսում դու, քու մարդն ու քու երեխեքն են նարկոման»,- հայտարարեց Սարոյանը՝ վրդովվելով Փոստանջյանի խոսքից, որ Լիսկայի որդին թմրամոլ է:
Փոստանջյանի դիտարկմանը, որ փորձաքննությունն է ապացուցել Խաչատրյանի որդու թմրամոլ լինելը, Սարոյանը ամոթանք տվեց՝ «ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշի ջահել երեխուն պետք չի վարկաբեկել, լսի, է~, կարանք ասենք` կռվարար ա, բայց ոչ նարկոման»:
Զ.Փոստանջյանի հարցը՝ ո՞վ սպանեց Բուդաղյանին, ավելի բորբոքեցին գեներալ-պատգամավորին՝ «աղջիկ ջան, բա ինչի՞ էր գնացել մարդու տան վրեն, այսինքն՝ որ Սուրիկի տղեն մեռներ, դուրդ կգա՞ր»:
Երբ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը սպանել է Ավետիք Բուդաղյանին, Սարոյանը հայտարարեց. «Ինչո՞վ, Սուրիկը գնաց Բուդաղյանի տան վրե՞ն, ո՞վ եկավ Սուրիկի տան վրեն: Դու ընդե՞ղ ես եղել»:
Զ.Փոստանջյանը հիշեցրեց Սուրիկ Խաչատրյանի 4 անգամ դատապարտված լինելու, նրա հանդեպ ժողովրդի վերաբերմունքի մասին և հայտարարեց, որ այդ մարդը չպետք է պաշտոնավարի, նա ու իր որդին պետք է լինեն բանտախցում:
«Եղավ, դու ես որոշողը,- նետեց Ս. Սարոյանն ու «հարձակվեց» լրագրողների վրա,- Էլ բանուգործ չունե՞ք, սաղ օրը՝ Սուրիկ, Սուրիկ: Ավել-պակաս, ինչ ասես խոսում եք: Զզվացրիք ձեր Սուրիկով, բոլա մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից, ի՞նչ ա ձեր սաղի ուզածը: Էլ բանուգործ չկա՞»: