Բաժիններ՝

Անդո. «Երբեք չեմ դավաճանել կնոջս»

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կնոջ՝ Մերիի և դստեր՝ Էլենի հետ նոր ֆոտոշարք է անցել, որն առիթ հանդիսացավ, որպեսզի BlogNews.am-ը նրա հետ խոսի իր փոքրիկ ընտանիքի մասին։ Նրա դուստրը 2 տարեկան, 8 ամսական է և արդեն հասցրել է շատ բան փոխել Անդոյի կյանքում։ Հենց այստեղից էլ սկսեցինք զրույցը։

– Անդո, Էլենը կարծես ավելի գունավոր դարձրած լինի Ձեր կյանքը։ Ի՞նչ է փոխվել նրա ծննդից հետո։

– Ամեն ինչ՝ կյանքս, ապրուստս, քայլս, շունչս։ Նախկինում ես ապրում էի մի օրով, հիմա չեմ կարող, որովհետև արդեն կա Էլենը։ Ժամանակին սիրում էի եղբորս երեխաներին ու մտածում՝ հնարավո՞ր է մի օր իմ երեխան ունենամ ու այսքան սիրեմ, պարզվեց՝ հնարավոր է։ Երկրորդ երեխային չգիտեմ՝ ոնց եմ սիրելու, բայց, բնականաբար, շատ եմ սիրելու։

-Երկրորդ երեխայի արդեն սպասո՞ւմ եք։

-Դեռ ոչ։

-Ինչպես հասկացա, ընտանիքը համալրելու ցանկություն ունեք։

– Այո, բայց ոչ մոտ ապագայում։

– Որպես տղամարդ՝ ցանկանում եք երկրորդը տղա երեխա՞ ունենալ, թե՞ պարտադիր չէ։

– Ասում են՝ ինչ լինում է, երկրորդը հակառակը լինի։ Դա լավ կլինի, բայց ես չեմ ֆիքսվում դրա վրա։ Աղջիկ երեխան ամենա-ամենան է։ Երբ շորիկները հագնում է, թիթիզանում, ինքն էլ մի քիչ աշխույժ է լինում, դրանից հաճելի բան չկա։ Էլենն այնքան թիթիզ է, որ երբ հարցնում ես՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասում է՝ թագուհի։

– Իսկ իր թիթիզ շորիկների ընտրությանը, գնումներ անելուն մասնակցո՞ւմ եք, թե՞ ամբողջը Մերին է անում։

– Մերին է է անում, սակայն վերջերս ինչքան գնում եմ Ամերիկա, նրա համար շատ շորիկներ եմ բերում։ Մտնում եմ խանութ՝ իբր ինձ համար առևտուր անելու, մանկական մի անկյուն եմ տեսնում ու վերջում մի մեծ պայուսակ մանկական հագուստով դուրս գալիս:

11072039_819662244788751_4435761353208344079_n

-Էլենը ներկայացնո՞ւմ է պահանջներ, թե ինչ բերեք իրեն։

– Չէ, նման պահանջներ չունի։ Սակայն առավոտյան արթնանում է քնից, ասում՝ այսօր այս շորերը պիտի հագնեմ, ու պարտադիր դրանք պիտի հագնի։ Ամբողջն ինքն է ընտրում ու շատ սիրուն, ճաշակով։ Հետո գալիս, ասում է՝ պապա, նայի, սիրուն ա՞, իբր պապան էլ շատ ա հասկանում։

-Մանկապարտեզ գնո՞ւմ է։

-Երկու օր տարանք, իրեն շատ լավ պահեց, ուղղակի հիվանդացավ ու հիմա տանն է։ Էլենը շատ շփվող է, երբ դուրս ենք գալիս փողոց, ինքն ավելի շատ մարդու է ճանաչում, քան ես։ Անուններով բոլորին գիտի՝ վարորդներից մինչև խանութի աշխատողները, նրանք էլ՝ իրեն։ Բացառվում է, որ մանկապարտեզում հանգիստ մնա, շատ ճըտ-պըտ է, «տոչնի» պապան է։  Ինքը չար չէ, ուղղակի աշխույժ է և միշտ ուշադրության կենտրոնում է լինում իր դրական էմոցիաներով, աշխուժությամբ։ Երբ մեկի կողքով անցում է, չեն կարողանում անտարբեր մնալ։

-Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել երեխայի, Մերիի hետ զբոսանքի, ժամանցի վայրեր գնալու համար, թե՞ զբաղվածությունը թույլ չի տալիս։

– Երբ ինչ-որ միջոցառուների, ծնունդի, հարսանիքի եմ գնում, անպայման այնպես եմ անում, որ ընտանիքս ինձ հետ լինի։ Իսկ ահա առանձին տեղեր գնալու համար ժամանակ չի մնում։ Վերջերս Էլենն է գալիս ինձ մոտ՝ թատրոն, դիտում է իմ մեր ներկայացումները։ «Կառավարական համերգի» մեջ երաժշտական կտորներ կան, նա մեզ հավասար երգում, պարում է, վերջում մեզ հավասար հոգնած վերադառնում է տուն։

– Իսկ ի՞նչ արձագանք է տալիս Ձեզ բեմում տեսնելիս։

– Դահլիճից ինձ տեսնելով գոռում է՝ պապա՜ն, Անդո՜ն։ Իսկ երբ գալիս ենք տուն, ասում է՝ էլի եմ ուզում գնալ թատրոն՝ նկատի ունենալով ներկայացումը։

– Ձեզ Անդոյո՞վ է դիմում։

– Ժամանակ առ ժամանակ, սակայն ավելի շատ տանը։ Մասսայական վայրերում ավելի շատ պապա է ասում։ Թեև պիտի հակառակը լիներ: Հազար եմ ասել՝ սիրուն աղջիկների մոտ ինձ պապա մի ասա, ասա՝ ապեր։

-Խաղեր խաղո՞ւմ եք Էլենի հետ։

-Ճիշտն ասած՝ դրա համար ժամանակ չեմ ունենում։ Հիմա տանն եմ, բայց 15 րոպեից դուրս եմ գալու։ Հիմնականում մայրն ու տատիկն են խաղում իր հետ, հենց հիմա էլ պահմտոցի են խաղում։

-Մերին չի՞ դժգոհում, որ քիչ ժամանակ եք հատկացնում իրենց։

– Բնականաբար, դժգոհում է։ Բոլոր կանայք էլ դժգոհում են, որ ամուսինները տանը չեն լինում, բայց նա արդեն սովորել է, որ չեմ կարող ամբողջ օրը տանը նստել։

– Այդ դժգոհությունները հասնո՞ւմ են կոնֆլիկտի։

– Ժամանակ առ ժամանակ բոլոր ընտանիքներում էլ լինում են կոնֆլիկտներ։ Մեզ մոտ պատճառը հիմնականում խանդի դրսևորումներն են։ Նոր ամուսնացած ժամանակ Մերին ավելի շատ էր խանդում, սակայն հիմա հասկանում է, որ ամուսինը դերասան է, ժամանակ առ ժամանակ կարող է լինել այնպիսի տեղերում, որտեղ աղջիկներ կան, բայց, բնականաբար, երբեք չեմ դավաճանում նրան։

Ընտանեկան կոնֆլիկտ ունենալը նորմալ է. դա պետության պես մի բան է՝ կա ընդդիմություն և դիմություն։ Ես իբր իշխանությունն եմ, Մերին՝ իբր ընդդիմությունը, ինչպես իրականում մեր երկրում է՝ իբր։

11012995_819409461480696_8557747906340415578_n

-Իսկ դուք ժողովրդավա՞ր եք։

– Որպես իշխանություն՝ ես շատ լավ եմ դրսևորում ինձ։ Ինչ ուզում խոսում են իմ մասին, բռնություն չի լինում։

– Որպես ամուսին ու որպես հայր՝ ի՞նչ գնահատական կտաք Ձեզ։

Գերազանց, որովհետև ես հասցնում եմ հնարավորինս կատարել իմ բոլոր պարտականությունները։ Շատ եմ սիրում կնոջս ու աղջկաս ու չեմ կարող առանց նրանց պատկերացնել կյանքս։

Զրույցը` Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս