Բաժիններ՝

Հայաստանում է հայտնի բժիշկ եւ ծաղրածու Պետչ Ադամսը

Մայիսի 18-ին Հայաստան է ժամանել բժիշկ եւ ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով: Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է  IDeA հիմնադրամի եւ «Go2Armenia» ընկերության կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական եւ սոցիալական տարբեր հաստատությունների հետ:

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի եւ կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը»  (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական- էկոլոգիական հաստատություն եւ որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում եւ մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:

Patch Adams

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաեւ ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների»  թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են  քաղցկեղի  բջիջները: Ծիծաղն ամրապնդում է  իմունային համակարգը,  նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

Հայաստանում  մեկշաբաթյա այցի  ընթացքում  Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան  կուղեկցեն նաեւ ռուսաստանյան «Дети Марии» գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երեւանում, Գյումրիում,Վանաձորում եւ Դիլիջանում կայցելի մանկատներ եւ մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով:

Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 Տեղեկանք

Հանթեր Դոհերթի Ադամսը (Պետչ Ադամս) ծնվել է 1945 թվականին, Վաշինգտոնում: Մասնագիտությամբ բժիշկ է, 1973թ.  ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 1970-ականների սկզբին հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է մինչեւ այսօր եւ ամբուլատոր ու ստացիոնար  անվճար բժշկական ծառայություններ է մատուցում՝ միավորելով ավանդական կլինիկական պրակտիկան եւ  ոչ ավանդական բժշկությունը: «Ինստիտուտի միջոցով ես կարող եմ մարդկանց անվճար մատուցել Ամերիկայում ամենաթանկ ծառայությունը՝ բժշկությունը»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Ադամսը:

Ավելի ուշ նա հայտնի է դառնում հիվանդանոցային ծաղրածուի իր գործունեությամբ եւ համարվում է այդ ուղղության պիոներներից: Նա նաեւ սոցիալական ակտիվիստ է, բարի կամքի դեսպան: Աշխարհի տարբեր համալսարաններում հանդես է գալիս ծիծաղի թերապիայի վերաբերյալ դասախոսություններով:

Կլոունաթերապիա

Վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրների հատկապես մանկական հիվանդանոցներում բժիշկների հետ միասին աշխատում են նաեւ ծաղրածուները:

Հիվանդանոցային կլոունադան երեխաների սոցիալ- մշակութային վերականգնմանն ուղղված գործունեություն է, որն իրականցվում է արտ թերապիայի, խաղային թերապիայի եւ կլոունաթերապիայի միջոցով:

Առաջին հիվանդանոցային ծաղրածուները սկսել են գործել 1986 թվականին, ԱՄՆ-ում: Ներկայումս այդ շարժումը համարվում է համաշխարհային (կա հիվանդանոցային կլոունադայի շուրջ  30 կազմակերպություն, մի մասը կամավորական, մի մասը՝ պրոֆեսիոնալ):

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրայինկապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս