ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը չեզոքացնելու են հակառակորդի «հարձակումը»
Մայիսի 16-17-ին անցկացված նախապատրաստական փուլից հետո ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը սկսել են Տաջիկստանում անցկացվող զորավարժության ակտիվ փուլը՝ մարտական հրաձգությամբ վարժանքը, որի սցենարով չեզոքացնելու են պայմանական հակառակորդի «հարձակումը»: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Հանկարծակի ստուգմանը և դրանից հետո Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում անցկացվող զորավարժությանը մասնակցում է շուրջ 2500 զինծառայող, այդ թվում՝ Հայաստանից, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետություններից:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև Հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել մայիսի 13-ին՝ մարտի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։ Վարժանքի նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին:
Մայիսի 16-ին հայտնի է դարձել, որ հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան, իսկ ընդհանուր առմամբ՝ բորոր զորախմբերը վերախմբավորվել և Տաջիկստանի տարածքում տեղակայվել են սահմանված ժամանակահատվածում:
Ավելացնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:
Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:
razm.info