Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետը

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, իսկ Արման Ս.-ն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ: Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:

Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, ով հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս