Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի հետ կապված խմբավորումներին. Reuters
Իրանի հետ պատերազմի ընթացքում սաուդյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքում գործող ազդեցիկ իրանամետ շիա խմբավորումների օբյեկտներին: Դրան զուգահեռ, Քուվեյթի տարածքից Իրաքի ուղղությամբ արձակվել են պատասխան հրթիռային հարվածներ. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այս հարձակումները Պարսից ծոցի տարածաշրջանում իրականացվող ռազմական միջոցառումների ավելի լայն համակարգի մաս են կազմում, որոնք հակամարտության ընթացքում հիմնականում թաքնված են մնացել հանրությունից: Հակամարտությունը համակել է Մերձավոր Արևելքը փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարվածներից հետո:
Աղբյուրները, որոնց թվում են Իրաքի ուժային կառույցների երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ, արևմտյան մի պաշտոնյա և երկու իրազեկ անձինք (որոնցից մեկը գտնվում է ԱՄՆ-ում), հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են գրոհայինների օբյեկտները Իրաքի հետ հյուսիսային սահմանի մոտակայքում: Ըստ արևմտյան պաշտոնյայի՝ հարվածների մի մասը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, երբ քննարկվում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը:
Ոչնչացվել են այն հարթակները, որտեղից անօդաչու սարքեր և հրթիռներ էին արձակվում Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների ուղղությամբ:
Իրաքի զինվորականների տվյալներով՝ առնվազն երկու անգամ հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից: Ապրիլին Իրաքի հարավին հասցված հարվածներից մեկը ոչնչացրել է «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման կապի հանգույցը և անօդաչու թռչող սարքերի բազան:
Առայժմ անհայտ է մնում՝ Քուվեյթի տարածքից հրթիռներն արձակել են Քուվեյթի զինված ուժե՞րը, թե՞ այնտեղ տեղակայված ԱՄՆ զորակազմը: Ամերիկյան հրամանատարությունը և Իրաքի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններից:
Սաուդյան Արաբիայի և Իրանի ուղղակի բախումը
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ ուղղակի հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան Թագավորության դեմ իրականացված հարձակումների: Նմանատիպ քայլեր են ձեռնարկել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ընդսմին, Ծոցի երկրների համար հիմնական սպառնալիքը բխում էր երկրորդ ճակատից՝ Իրաքի տարածքից: Հենց այնտեղից են արձակվել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր:
Մարտին Սաուդյան Արաբիան և Քուվեյթը դիվանագիտական խողովակներով Բաղդադին զգուշացրել էին՝ իրանամետ խմբավորումներին սանձելու անհրաժեշտության մասին: Չնայած այն հանգամանքին, որ Իրաքի անվտանգության ուժերը որոշ արձակման կայանքներ են խոցել, խմբավորումները շարունակում են հետախուզություն իրականացնել անօդաչու սարքերի միջոցով Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի սահմանների երկայնքով:
«Նրանք տեղեկություններ են հավաքում, թե ինչն է վնասվել և ինչն է դեռ գործում: Նրանք պատրաստվում են հաջորդ հարվածին»,- հայտնել է հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրը:



