Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին
Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնապես չպետք է ճանաչի դրանց արդյունքները: Այս մասին НСН-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և հանրապետության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման միտումը կշարունակվի նրա վերընտրվելու դեպքում: Նման դեպքում Ռուսաստանը պաշտոնապես պարզապես չպետք է ընդունի ընտրությունների արդյունքները»,- կարծում է Զատուլինը։
Զատուլինի կարծիքով Փաշինյանը ՌԴ-ի թշնամին է, ով մինչև որոշակի ժամանակ, հայտնվելով իշխանության ղեկին, ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները:
«Նա ՌԴ-ի անվերապահ թշնամին է, ով մինչև որոշակի ժամանակ, հայտնվելով իշխանության ղեկին, ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները։ Մենք թույլ տվեցինք մեզ հույսեր փայփայել, թե կհարմարվի-կսիրի, ոչ մի տեղ չի գնա։ Իսկ նա մեզ օգտագործեց։ Չէ՞ որ նա բոլորովին չէր թաքցնում իր տեսակետները նախքան վարչապետ դառնալը։
Նա գրում էր այն մասին, որ պետք է ազատվել ողջ անցյալից, ՌԴ-ից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հեռացնել Գյումրիի մեր բազան։ Դա պարզապես մտքի մթագնում է, որ մենք կարծում էինք, թե նա, գալով իշխանության, հանկարծ կվերցնի ու ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքների մասին։
Նա այս առումով լիովին հետևողական մարդ է։ Նա խորամանկ է, անկասկած։ Ուստի նա պարտադիր չէ, որ այդ ամենն ասի բարձրաձայն, հատկապես երբ Կրեմլում հանդիպում է Պուտինի հետ։ Բայց հիմա նա այդ դիմակներն էլ դեն նետեց։ Դրանք դեն նետվեցին 22 թվականին, որովհետև մենք առճակատման մեջ մտանք այն Արևմուտքի հետ, ուր նա ձգտում է։ Եվ նա սկսեց իրականացնել այդ կուրսը գնալով ավելի լկտի, ծավալուն և մասշտաբային կերպով։ Իսկ նրա մերձավորներն առհասարակ չեն քաշվում»,- ասել է Զատուլինը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Փաշինյանի թիմն իր գործողություններով բախման է տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի պատճառով հարաբերությունները կտուժեն ոչ միայն քաղաքական մակարդակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը Երևանում ընդունել էր Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական առաջնորդներին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ հայկական իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա, ինչը, սակայն, բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների վրա։ Զատուլինը վստահ է, որ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները և հետևողական է իր քաղաքականության մեջ, ուստի իմաստ չկա սպասել, որ նա ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի։



