ԱԱԾ-ն կվերահսկի ռազմական ապրանքների շրջանառությունը
Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող հարցերի, ընդունեց նաև Ազգային անվտանգության ծառայության հեղինակած երկու նախագծերը։
Առաջին՝ ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի երկրորդ կետը նշվել էր՝ «գաղտնի»։
Վերջինով առաջարկվում է ԱԱԾ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կատարել տրանսպորտային սարքավորումների հագեցվածության բարելավմանն ուղղված գնումների պլանի անվանացանկի փոփոխություն՝ «դեռևս 2025 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան գնման շրջանակներում ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով»:
Նախագծում նշվում է, որ այս առաջարկը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի։
«Ակնկալվող արդյունքը․ Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները»,- ասվում է հիմնավորման մեջ։
Ամփոփաթերթից տեղեկանում ենք, որ խոսքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում 73,500.0 հազար դրամի վերաբաշխում կատարելու մասին է․ մասնավորապես, նշված գումարի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 7 հատ Սեդան թափքով մեքենաներ (միավորի գինը՝ 10,500․0 հազար ՀՀ դրամ)։
Երկրորդ նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին էր:
Վերջինով առաջարկվում է նախատեսել իրավակարգավորումներ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հայտի մերժման վերաբերյալ, եթե լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին։
Ըստ ԱԱԾ-ի՝ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հստակ իրավակարգավորումներ ռազմական նշանակության արտադրանքի շրջանառությունից բխող՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին սպառնացող հնարավոր ռիսկերն առավել կառավարելի դարձնելու համար։
«Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը» կետից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններ են շարունակում մնալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասվում է հիմնավորման մեջ։



