ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ եվրահանձնակատար

Եվրոպական միությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակում․ հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը կապի օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ էր Եվրահանձնաժողովի՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը կապի օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար», – նշել է Կոսը։

Նա ընդգծել է, որ սա հիմնականում վերաբերում է առևտրային և էներգետիկ ուղիների զարգացմանը։

«Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, քանի որ հյուսիսում առևտրային ուղիները խաթարվել են Ռուսաստանի, իսկ հարավում՝ Իրանի պատերազմի պատճառով։ Հետևաբար, ներկայում առկա երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք կապի օրակարգի շրջանակում», – հայտարարել է եվրահանձնակատարը։

Կոսը հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցությունը խորացնելու հետագա քայլերը։

«Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես լավագույնս համագործակցել Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ մենք արդեն ունենք կոնկրետ նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել», – ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930